«Հայաստանում ամենամեծ լսարանն ունեցող մեդիաոլորտը՝ հեռուստատեսության և ռադիոյի հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտը՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն ընդունվել է 2000 թվականին, և քսան տարիների ընթացքում ոլորտի զարգացման, թվայնացման արդյունքում առաջացել են հարաբերությունների նոր առանձնահատկություններ ու նոր պահանջներ: Վերջիններս կարգավորելու նպատակով Աժ պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Մխիթար Հայրապետյանը և Արման Բաբաջանյանը մշակել և շրջանառության մեջ են դրել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը:
Ոլորտի նոր կարգավորումների անհրաժեշտությունը բխում է նաև այն հանգամանքից, որ այս տարի լրանում է հեռուստատեսության հաճախականությունները օգտագործողների լիցենզիաների ժամկետը, և օրենքի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետք է հուլիսի վերջին հայտարարի նոր մրցույթ՝ հաճախականությունները օգտագործել ցանկացող սուբյեկտների համար: Տրամաբանական է, որ նոր մրցույթն անցկացվի նոր իրավակարգավորմամբ, առավել ևս, որ հեռարձակման հաճախականությունների օգտագործման լիցենզիան տրվում է տասը տարով: Նկատի ունենալով հարցի հրատապությունը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նոր նախագիծն ընդգրկվել է հունիսի 16-ի նիստի օրակարգ:
Օրենսդրական այս կարգավորմամբ նախատեսվում է բարձրացնել տեսալսողական հաղորդումների որակը, մեդիա ոլորտում հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, մեդիագրագիտությունը բարձրացնել և բացառել ատելության խոսքի քարոզումը: Փորձ է արվել օրենքում ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք կխթանեն հավաստի և բովանդակային մեդիաարտադրանքը, որի պահանջն առանձնակիորեն է զգացվում այսօր»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: