Հայաստանում հունիսի 18-ի առավոտյան 09:00-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 143 մարդ հոսպիտալացման կարիք ունի: Նրանցից 25-ը տանն են, մյուսները` ոչ կորոնավիրուսային պրոֆիլով հիվանդանոցներում։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այդ մարդկանցից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալացման, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը։ Սակայն, ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում և կարիք ունեն տեղափոխման ուղղվածությամբ հիվանդանոցներ։ Այս թիվը օրվա ընթացքում տատանվում է, վերջին օրերին ունեցել ենք մինչև 200 կամ քիչ։ Բայց նվազելու միտում չկա»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ թեև միտումների առումով դրական տեղաշարժ կա, սակայն բացարձակ թվերի առումով վիճակը լավ չէ ու դա լուրջ խնդիր է:
«Մենք արդեն ունենք 263 ռեանիմացիոն մահճակալ, որոնք տրամադրված են միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք 200 էին, բայց, միևնույն է, ազատ տեղեր չկան։ Դրանք շատ արագ են ծանրաբեռնվում, և մեր բժիշկները արագ փորձում են մի թեթև ծանրացող քաղաքացուն տանեն ռեանիմացիոն բաժանմունք, որպեսզի կանխարգելեն վատացումը։ Այս պահին ունենք 444 ծանր, 131՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որից 39-ը՝ թոքերի արհեստաական օդափոխության սարքերի վրա են»,- ասաց Արսեն Թորոսյանը: