
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող գրասենյակներում։
Նույն կուսակցության պատգամավոր Շաքե Իսոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը կատարվել է երեկ կեսօրին։
«Խուզարկվել են պատգամավորների գրասենյակները, որոնք երկուսն էլ օգտագործվել են որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբեր», – ասել է Իսոյանը։
ԱԱԾ-ից տեղեկությունները դեռ չեն մեկնաբանում:
Հիշեցնենք, հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն կատարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Հրապարակվեցին Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ կապված չորս քրեական գործերի մանրամասներ, որոնցից երկուսը վերաբերում էր ընտրակաշառքներ բաժանելուն։