Սա շինծու գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
Advertisement 1000 x 90

Սա շինծու գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից և լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա շինծու գործ է։

«Ասել եմ ու էլի եմ ասում՝ սա ամբողջությամբ շինծու գործ է, որ հետևել է իմ հայտարարությանը։ Իմ ձեռքը երկրի իրադարձությունների պուլսի վրա է, ես տեսնում եմ, թե ինչ սոցիալական ու տնտեսական վիճակ է տիրում։ Երկիրը պահվում է ֆեյքերով», – նշեց իր խոսքում Ծառուկյանը։

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանին։

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Մենք գտնում ենք, որ դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է դատավորի և մակագրություն իրականացնում: Գտնում ենք, որ այս կարգն ի սկզբանե խախտում է արդար դաաքննության իրավունքը: Պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը: Չի կարող այնպես լինել, որ պետությունը, դատարանի նախագահը որոշեն դատավորին», – ասաց փաստաբանը:

Սարգսյանի խոսքով՝  պաշտպանական կողմն աղաղակող փաստեր ունի, որոնք ապացուցում են` Ծառուկյանի վերաբերյալ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Մենք ժամ առ ժամ, օր առ օր կներկայացնենք փաստեր, դուք էլ կտեսնեք, որ դեռևս փետրվարին քննչական մարմինը հայտնաբերել էր այս նույն փաստաթղթերը, եզրահանգումներ էր արել։ Սակայն այժմ այդ փաստաթղթերը նորից քննարկվում են, չորս ամիս անց։ Ավելի շատ մանրամասներ չեմ ասի, այլապես կբացահայտեմ պաշտպանական կողմի տակտիկան», – ասաց Սարգսյանը։

Նիստը կշարունակվի 19։00։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվում է Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

armeniasputnik.am