ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ ցավալի է, որ մանիպուլյացիան որպես գործիք, շարունակում է անողոքաբար կիրառվել՝ բացառապես իրավական հարթության մեջ գտնվող հարցերի կապակցությամբ՝ դատախազության դեմ որոշակի հանրային տրամարություններ գեներացնելու նպատակով: Հերթական նման փորձը երեկ կատարեց մեղադրյալ Գ. Ծառուկյանի փաստաբանը՝ ճեպազրույցում հայտարարելով, թե իբր ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագրերում տեղ է գտել ցուցմունք, որը ստացվել է միջնորդություններն Ազգային ժողովում մուտքագրվելուց հետո: Փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը, որովհետև հայտարարության մեր նշվածը չի համապատասխանության իրականությանը:
2020թ. հունիսի 14-ին ժամը 19:30-ին, սույն քրեական գործով ձերբակալվել է Ռ. Մուրադյանը, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Դրանից անմիջապես հետո, նույն օրը` ժամը 20:00-ից մինչև 22:00-ն, օրենքով սահմանված կարգի համաձայն, վերջինս կասկածյալի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է և նրա հայտնած տեղեկությունները ներառվել են ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված միջնորդագրերում: Հաջորդ օրը` հունիսի 15-ին, ժամը 17:40-ից մինչև ժամը 19:00-ն Ռ. Մուրադյանը պաշտպանի մասնակցությամբ երկրորդ անգամ է հարցաքննվել կասկածյալի դատավարական կարգավիճակով, որի ընթացքում պնդել է նախկինում տված ցուցմունքը` հայտնելով լրացուցիչ տվյալներ և հստակեցնելով գործով անցնող անձնանց դերակատարությունը: Երկրորդ ցուցմուքնում Մուրադյանի հայտնած հանգամանքերը չեն ներառվել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերում, սակայն օրենքով նախատեսված կարգով ներկայացվել են դատարան՝ Գ. Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման միջնորդության քննության ընթացքում:
Նշված պայմաններում փաստաբանը ձեռքի տակ ունենալով վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությանը կից դատարանին ներկայացված` որպես խափանման միջոց կալանավորման համար հիմնավոր կասկածի ամենաբարձր շեմը հաղթահարելու համար անգամ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, սակայն, իրավաչափորեն չտիրապետելով քրեական գործում առկա մյուս նյութերին` մասնավորապես Ռ. Մուրադյանի 14.06.2020թ. տված ցուցմունքին, տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Նման ապատեղեկատվություն տարածելը դատավարության մասնակիցներին պրիմիտիվ մակարդակի մանիպուլյատիվ գործընթացների մեջ ներքաշելու փորձ է՝ միտված նաև քրեական գործի շուրջ ավելորդ և անհարկի իրարանցում առաջացնելուն, ինչն անընդունելի վարքագիծ է»: