Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ գործում է նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակներում և չի պատրաստվում դրանք խախտել ներքաղաքական կյանքում որևէ մեկին կամ որևէ խմբի դուր գալու համար։ Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն այս մասին ասել է«Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում։ «Ես համոզված եմ, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից, որպեսզի կարողանա կատարել իր հավասարակշռող և ազգային միասնականությանն աջակցող դերը»,- ասել է նա:
Նախագահը նշել է, որ, անշուշտ, որպես քաղաքացի և անհատ, ինքն ունի իր կարծիքը երկրում տեղի ունեցող իրադարձությունների կամ երևույթների վերաբերյալ: «Ես հասկանում եմ, որ սպասումները նախագահից՝ որպես պետության գլուխ, մեծ են, սակայն, հաշվի առնելով, թե սահմանադրությամբ ինչպիսի սահմանափակ և կոնկրետ լիազորություններ են վերապահված Հանրապետության նախագահին, այդ ակնկալիքներն հաճախ իրատեսական չեն»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, նախագահն ասել է, որ պետությունը, քաղաքական ուժերը, տնտեսվարողները և հասարակությունն ինքը պետք է շահագրգրված լինեն ունենալ իրական ազատ և անկախ մամուլ ունենալու հարցում: «Պրոֆեսիոնալ, անաչառ մամուլի կայացումը թե ներքին, թե արտաքին առումով ես համարում եմ ազգային անվտանգության խնդիր»,- նշել է Հանրապետության նախագահը: