Օրերս MAMUL.am-ը հրապարակել էր հերթական նյութն այն մասին, որ վրացական Adjarabet-ը, որը, համաձայն մեր տեղեկությունների, փոխկապակցված է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, մասսայաբար արգելափակում է քաղաքացիների հաշիվները և թույլ չի տալիս կանխիկացնել շահումներն ու հաշվին առկա միջոցները։
Վերոնշյալ նյութի հրապարակումից հետո՝ մեկ օրվա ընթացքում, խմբագրությունն ստացել է 74 նոր բողոք-նամակ՝ նույն բովանդակությամբ, ովքեր ներկայացրել են նաև իրենց հաշիվների լուսապատճեները։
Նախկին հրապարակումների ժամանակ այս ընկերությունը կապ էր հաստատում բողոքող քաղաքացիների հետ, և բացում հաշիվները։ Այժմ ոչ միայն չի արձագանքում քաղաքացիների դիմումներին ու զանգերին, ավելին՝ այն քաղաքացիները, ովքեր դժգոհություն են հայտնել, վերջնականապես կասեցնում են նշված անձանց մասով արգելաբացման գործընթացը և ընդհանրապես չի պատասխանում վերջինների նամակներին։
Բացի այդ, քաղաքացիները տեղեկացրել են, որ այցելում են ընկերության գրասենյակ, սակայն պարզվել է, որ գրասենյակում ընդհանրապես աշխատակիցներ չկան, իսկ դռները փակ են։
Մենք փորձեցինք կապ հաստատել Adjarabet-ի կայքում նշվեծ (012) 717171 հեռախոսահամարով, որտեղից ավտոմատ համակարգը պատասխանեց, որ համարն անհասանելի է՝ չնշելով, թե երբ կդառնա հասանելի։ Մենք փորձեցինք ստանալ պատասխանատուների կոնտակտները կայքի Live chat-ից, որտեղ ևս չտրամադրեցին տվյալներ։
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ընկերությունն ուղղակիորեն փակվել է և արգելափակումներով չի թույլատրում քաղաքացիներին ստանալ իրենց միջոցները։
Տեղեկացնենք նաև, որ խմբագրությունը սույն միջադեպի վերաբերյալ գրություններ է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե և պահանջել ուսումնասիրել նշված միջադեպերը։