«Մեդիալաբի» հարցազրույցը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի ընդունարանի բաժանմունքի վարիչ, վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Կարեն Տոնոյանի հետ
– Պարո՛ն Տոնոյան, խնդրում եմ՝ կներկայացնե՞ք ինչ է կատարվում ձեր բաժանմունքում․ ովքե՞ր են գալիս, ո՞ւմ եք ընդունում, ինչպե՞ս եք ընդունում։
– Մեր հիվանդանոցը նախկինում բազմապրոֆիլ հիվանդանոց էր, սակայն ապրիլից վերապրոֆիլավորվեցինք որպես կորոնավիրուսով հիվանդներին բժշկական ծառայություն մատուցող կենտրոն։ Երևի միայն մենք՝ ռեանիմատոլոգներս, չփոխեցինք մեր մասնագիտությունը, ուղղակի բուժծառայություն ենք մատուցում միայն թոքաբորբով, կորոնավիրուսով հիվանդ մարդկանց։
Ընդունում ենք կորոնավիրուսով հաստատված, վարակված ծանր հիվանդների, քանի որ կարող ենք նրանց բազմապրոֆիլ օգնություն ցուցաբերել։ Ընդունում ենք այն հիվանդներին, որոնք ունեն լուրջ շնչական անբավարարություն, կողմնակի հիվանդություններ։ Սկզբնական շրջանում, երբ սկսել էինք նոր ընդունել հիվանդներին, 20 պացիենտից միայն հինգը կարող էին ծայրահեղ ծանր վիճակում լինել, այժմ թվերը փոխվել են՝ 20 հիվանդից 17-18-ը կարող են լինել ծանր վիճակում:
– Ինչո՞վ եք դա բացատրում։
– Բացատրում եմ հիվանդացության թվի բարձրացմամբ, բացատրում եմ մեր բնակչության անտարբերությամբ՝ մարդիկ ուղղակի չեն հետևում հակահամաճարակային կանոններին, չեն մնում տանը, չեն դնում դիմակ։ Մարդիկ շատ վատ են իրենց պահում։ Ապշելու բան է։
Հիվանդանոցի պատուհանից դուրս ենք նայում՝ կյանքը եռում է, իսկ մենք պայքարում ենք մյուսների կյանքի համար։ Կարծես ոչինչ չի կատարվում, բայց, ախր, պետք է հասկանալ, որ սա շատ լուրջ կռիվ է, շատ լուրջ պատերազմ է, որից կարող են տուժել մարդիկ, ընտանիքներ, մեծ ու փոքր։
– Պարո՛ն Տոնոյան, վերջերս պաշտոնապես հայտարարվեց, որ կանայք ավելի շատ են վարակվում, ձեր տվյալներն ի՞նչ են ասում։
– Անկեղծ ասած, վերջերս փորձեցի ինքս մեզ մոտ ընդունելության վիճակագրությունը համադրել և հասկանալ սեռային տարբերությունը, բայց լուրջ տարբերություն չգտանք։ Ես կասեի՝ գրեթե հավասար է համամասնությունը։ Բայց կարող եմ մի բան ասել՝ մեր հասարակության հիմնական խնդիրը ճարպակալումն է։ Ճիշտ է՝ մեր տղամարդիկ փորով են, բայց կանայք էլ պակաս ճարպակալված չեն, նրանք նույնպես ճարպի լուրջ խնդիր ունեն։
Դրա համար հնարավոր է, որ այլ երկրներում տղամարդկանց թիվը գերակշռի կորոնավիրուսով հիվանդների մեջ, իսկ մեզ մոտ՝ կանանց թիվը։ Խոր ճարպը և մեծ քաշը չեն թողնում, որ հիվանդները շնչեն, իսկ դա բերում է մեծ բարդությունների։ Ճարպակալումից խուսափելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ, ճիշտ սնվել։
– Ձեզ մոտ հիվանդության պատմությունները ի՞նչ են ցույց տալիս՝ հիմնականում ի՞նչ նախապատմություն է ունեցել հիվանդությունը, ինչի՞ց է սկսվել։
– Հիմնականում, գրեթե բոլոր հիվանդներին, որ հարցնում ենք՝ ինչի՞ց սկսեց հիվանդությունը, պատասխանում են՝ մրսեցի։ Շատ թերահավատ են, շատ։ Նույնիսկ դրական, հաստատված վարակով մարդը գալիս է ու հայտարարում՝ սաղ սուտ ա։ Չեն հավատում, մինչև դանակը ոսկորին չի հասնում, մինչև կյանքը մազից կախված չի լինում, մինչև չեն տեսնում մեր չարչարանքը, մինչև չեն տեսնում, որ այդ հիվանդությունից մարդը մահանում է, մինչև չեն տեսնում, որ մարդը ամբողջ հիվանդանոցով գոռում է, չի կարողանում շնչել։
Այդ ամենը տեսնելուց հետո ուշքի են գալիս, հասկանում են՝ ինչ է կատարվում։ Բայց հիմնական խնդիրն այն է, որ ասում են՝ մրսեցի, սենց եղավ, սա մրսածություն է, ոչ մի կորոնավիրուս էլ չկա։ Մարդկանց անտարբերությունը շատ վատ վիճակի մեջ է դնում մեզ՝ բժիշկներիս։ Սկզբում մենք՝ բժիշկներս, մնում էինք հյուրանոցում, տուն չէինք գնում, բայց ժամանակի ընթացքում հասկացանք մի բան՝ եթե լիարժեք հետևենք կանոններին, մենք պաշտպանված կլինենք վիրուսից։
Ես ամեն օր շփվում եմ հիսունից ավելի կորոնավիրուսով վարակված անձանց հետ և հիմա ամեն օր գնում եմ տուն, բայց վստահ եմ գնում տուն, որովհետև լիարժեքորեն պահպանում եմ հակահամաճարակային կանոնները՝ ձեռքերս լվանում եմ սպիրտով, արդեն մաշվել են (ծիծաղում է – հեղ․), դիմակով եմ, ակնոցով։ Նախկինում սովորություն ունեի դեմքիս կպնելու, քորելու, բայց հիմա այդ սովորությունս վերացել է։
Գիտակցաբար, հասկանալով՝ վերացրել եմ։ Հիմա ինձ համար զարմանալի է՝ սովորական մարդիկ ավելի քիչ հիվանդ կարող են տեսնել՝ մեկ, լավ՝ առավելագույնը՝ հինգ հիվանդ թող տեսնեն ու վարակվում են։ Դա նշանակում է մի բան՝ չեն պահպանում հակահամաճարակային նորմերը, թերահավատորեն են նայում վարակին։
– Դուք ասում եք՝ ծանր վիճակում գտնվող մարդկանց եք ընդունում, ի՞նչ տարիքային խմբի են նրանք։
– Հիմնականում մեծահասակներ են՝ 60-65-ն անց, մեր տատիկներն ու պապիկները, որոնք ծանր են տանում հիվանդությունը։ Երիտասարդներ ևս լինում են իհարկե։ Բայց եզակի են։ Հիմնականում տարիքով մեծեր են գալիս կորոնավիրուսով։ Երիտասարդները կարող են ծանր վիճակում լինել, բայց նրանց օրգանիզմում պաշարը մեծ է, կարող են շատ արագ իրենց հնարավորությունների, ակտիվության, շարժունակության հաշվին կազդուրվել, հաղթահարել հիվանդությունը։
Մենք բացատրում ենք հիվանդներին, թե ինչ պետք է անեն, որ օգնեն մեզ։ Իրենք ու իրենց օրգանիզմն են բուժում իրենց, մենք ընդամենը օգնում ենք, մենք խորհուրդ ենք տալիս ու դեղորայքով կանխում ենք հնարավոր բարդությունները։ Հիվանդը պետք է պայքարի հիվանդության դեմ։ Ամեն մահի հետ մեծ սթրես ենք ապրում, գնում եմ տուն, գիշերը չեմ կարողանում քնել, բայց հիվանդներ կան, որ պայքարում են, ու իրենց հետ միասին ուրախանում ենք։
– Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ե՞րբ կանցնի։
– Այդ ամենը մեզանից է կախված, այն օրը, երբ մենք բոլորով համախմբվենք ու փորձենք հեղափոխել մեզ, էդ օրը վերջանալու է այս ամեն ինչը։ Չինաստանի նման մեկուկես միլիարդանոց երկիրը ո՞նց հաղթեց՝ մեկ մարդ դառնալու հաշվին։ Իսկ մենք մի բուռ ազգ ենք, չենք կարողանում մարդ ա մի հատ դիմակ դնենք մեր դեմքերին, հեռու մնանք, մաքրենք մեր ձեռքերը։
– Շատերը քննադատում են, թե կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված է։
– Ես ձախողում տեսնում եմ միայն ժողովրդի կողմից։ Կարդում եմ, թե ԱՊՀ երկրներից ամենավատ թվերը Հայաստանում են, ո՛չ ու էլի ո՛չ, մեզ մոտ իրական թվեր են։ Ես բարեկամներ ունեմ, ապրում են ՌԴ-ում, ընտանիքում 15 մարդ հիվանդ են, բայց թեստավորել են մեկին։ Մեր թվերը ուղղակի իրական են։
Հասմիկ Համբարձումյան