ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկանում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 13 մարդ է մահացել։
«Մահացածներից 11–ը տղամարդիկ են, երկուսը` կին։ Մահացած կանայք եղել են 66 և 38 տարեկան, իսկ տղամարդիկ` 77, 59, 76, 84, 55, 85, 43, 70, 50, 70 և 56 տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է:
Հիշեցնենք` հունիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19 708 դեպք, որոնցից 8854-ն առողջացած, 332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 93 786 թեստավորում:
Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած։