Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հունիսի 23-ին դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված բուժառու Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանը։
Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:
«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,- հրաժեշտ տալով բուժկենտրոնին՝ ասել է Մեխակ Ավետիսյանը:
Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 372 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան