Բացահայտվել են Երևան քաղաքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր. կալանավորվել է 2 անձ
Advertisement 1000 x 90

Բացահայտվել են Երևան քաղաքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր. կալանավորվել է 2 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ 2 անձ կալանավորվել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 30-ամյա և 34-ամյա քաղաքացիները նախնական համաձայնությամբ, 2020թ. ապրիլին ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Հովսեփյան և Նորք-Մարաշ փողոցներում գտնվող բնակարաններ և հափշտակել գումար, զարդեր՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, վերջիններս ապրիլի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում գտնվող տան պատուհանը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոհիշյալ 2 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1-րդ կետով (3 դրվագ) և 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: