ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- ասաց Թորոսյանը:
Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 372: Արձանագրվել է մահվան ևս 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Նորայր Շողիկյան