Հայաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ամենամեծ թիվը` 771 նոր դեպք: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կատարվել է 2336 թեստավորում:
«Նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում: Այսինքն` այդ իմաստով վիճակը չի փոխվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսակետից, միևնույն է, իրավիճակը թեկուզ կայուն, բայց լարված է: Հոսպիտալիզացիայի առումով ունենք բավականին բարվոք վիճակ: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են տանը: Մնացած 49-ը այլ հիվանդանոցներում են: Այս իմաստով վիճակը լավ է»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ մահճակալային ֆոնդի առումով բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղ կա: «Կարիք ունեցող ու բուժօգնություն չստացող քաղաքացի չունենք, բայց դա չի նշանակում, որ վիճակը բարելավվել է»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակում, իսկ ավելի կոնկրետ ծանր վիճակում է 502, ծայրահեղ ծանր՝ 113: 40 մարդ միացված է արհեստական շնչառության սարքին: