Մայրդ մի պատաչափ պահարան լիքը արծաթե սպասք կունենա, որ դու այդպես էլ չդադարես ձեռքերով ուտել: Քույրդ՝ գյուղապետի հարսը խանութ կգնա բարձրակրունկներով ու երկու թմբլիկ որդի կունենա, որ ընտանեկան խնջույքներին իրենց չարաճճի ներկայությամբ մեզ շտապեցնեն: Դու ձիարշավարան կունենաս ու մի տասնյակ գլուխ կաթնատու կենդանիներ, որ իմ սև կատուն թվա արիստոկրատական ավելորդություն: Դու դեռահասությանս տարիների կորցրածիս կապույտ աչքերից կունենաս, որ ինձ թվա, թե սիրում ես նրա չափ:
Դու հայրենասեր կլինես կամ հեթանոս. մի որևէ գաղափարով կապրես, որ ես դրա հետ կռիվ տամ ու ապրեմ քեզնով:
***
Կիրովական եմ ուզում, մեկ էլ խոնավ վերմակիս տակ արտաշունչներովս կամ արտաշունչներովդ տաքանալ ու, իբր թաքուն, սառը ոտքերս քսել տաք ոտքերիդ։
Կիրովական եմ ուզում, մեկ էլ ասել, որ քո փայ գրողը վաղուց քեզ տարել ա, ներիր, ու մենք կարող ենք 7 տարի աստղերը հաշվել ու ամեն արևածագին կորցնել հաշիվը։ Եւս 4 տարի կարող ենք ճոճվել գամակին, ճոճովել սևանի ալիքներից ու ալիքներ ճոճել, ու էդ ընթացքում կարող ենք նաև փոքր ու մեծ երեխաներ ունենալ՝ փոքր ու մեծացող. ժամանակի բան ա… մենք ժամանակ շատ ունենք ու կարող ենք կրակներ վառել՝ նայելու համար, իսկ տաքանալու համար՝ երևի հանվել, բայց էդ հարցում մի շտապիր. չէ որ մենք շատ ժամանակ ունենք ու կարող ենք հազար անգամ մրսել֊հիվանդանալ, հետո ոտով֊գլխով իմունիտետ դառնալ ու փրկել աշխարհը… բայց եթե բանը դրան հասնի ես կարող եմ նաև սիրունանալ աշխարհը փրկելու համար։ Մենք շատ ժամանակ ունենք, ու ես, գիտե՞ս, վախենում եմ, որ ձվածեղների բաղադրատոմսերս չեն հերիքի քեզ ամեն առավոտ կերակրելու համար, ու նյարդերս չեն հերիքի քեզ ամեն առավոտ։
Եսկ եթե շրթներկս սկսի չհերիքել ես ստիպված կլինեմ խնայել՝ քեզ համբուրելու վրա։
Մենք շատ ժամանակ ունենք, ու ես, հոգիս, վախենում եմ սպառել սիրո ամբողջ հոգապահուստս, «Տակառ»֊ի գինու պաշարներն ու նյարդերդ, ձեր տան թութն ու հագուստի գարուն֊ամառ֊աշուն֊ձմեռ հավաքածուն։ Մենք շատ ժամանակ ունենք, ու, հեմաձայնիր, որ «Օնլի լավըրս լեֆթ ըլայվ»֊ին երկուս ու կես ժամ տրամադրելը մեծ մեղք չէր, նաև ոչինչ, որ ուշացա երեկ, ու քանի որ խոսքը բացվեց՝ ոչինչ, որ միշտ կուշանամ. չէ՞ որ, մենք շատ ժամանակ ունենք և կարող ենք նստել ու նայել, թե ոնց ա մի կլոր տարի ծառը զգեստափոխվում… հա, ու էդ ընթացքում, կարող ենք նաև փոքր ու մեծ երեխաներ ունենալ՝ փոքր ու մեծացող։
***
Ուզում եմ մորս ջահելության շրջազգեստները գտնել ու համադրել սև բլուզներիս ու հորս հաստ գոտիների հետ։ Ուզում եմ երգերիդ բառերն ինքս գրել, ու մտածել՝ կնկատե՞ս, որ կրկներգը քո մասին չէ։ Ուզում եմ բոլոր նախկիններիս ասել, որ խնդիրն իմ մեջ էր։ Ուզում եմ կամ Փարիզ գնալ, կամ Գյումրի։ Ուզում եմ վերջապես ինչ֊որ մեկը չսիրելի ամուսնու թաղմանը գնա կարմիր շրթներկով և եթե նման մեկը չգտնվի ուզում եմ ամուսնանալ չսիրելի մեկի հետ ու գնալ նրա թաղմանը։
Ուզում եմ չծխողների համար սրճարաններ չլինեն, ու նրանք կես ժամը մեկ դուրս գան չծխելու։
***
Ես շրթներկս կուտեմ մինչև քեզ հանդիպելը, որ քեզ բաժին չհասնի, փոխարենը քեզ կտամ իմ տապակած վերջին կոտլետն իսկ հետո տեղը տեղին երեսով կտամ: Գիշերվա երեքին անվերջ հարցեր կտամ տատիկիդ մասին, ձմռանը՝ պլաստմասե շշով տաք ջուր կտամ, երբ ձեռքերդ ու ոտքերդ ինքս տաքացնելու սիրտ չունենամ, իսկ երբ զուգարանի թղթի վրա այնքան գրեմ քո մասին, որ հատնի՝ ձայն կտամ: Ես կձևացնեմ, թե խանդում եմ, որ քեզ լավ զգաս, կխանդեմ, որ քեզ լավ զգաս, հետո զգաս կաղամբով ձվածեղի հոտը խոհանոցից ու մոռանաս, որ մարդիկ նախաճաշելուց առաջ հագնվում են, իսկ նախաճաշելուց անմիջապես հետո՝ չեն համբուրվում, ընկերոջ տատիկի թաղմանը չեն համբուրվում, առանց նասկիները հատ-հատ գետնից հավաքելու չեն համբուրվում, խալխի հարսանիքներին չեն համբուրվում, հատկապես հարսի կամ քավորկնոջ հետ: Կատուների պես երևացող տեղերդ կճանկռեմ ու կկծեմ, որ քո վրա վիճելի տարածքներ չմնան, ու ինքնավարությունդ հաստատելու հնարավորություն չունենաս, իմ տարա՜ծք, իմ մայրաքաղա՜ք, իմ կաթողիկոսանի՜ստ: Իմ հիվա՜նդ, հիվա՜նդ անտեր. ու եթե հիվանդությունիցդ գլուխ հանել չեմ կարող, փոխարենը կարող եմ քեզ, ինչպես հարկն է, տիրություն անել, քանի դեռ կարող եմ: