Բաղրամյան պողոտայում երեկ ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին. Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Կարծում եմ` Հայաստանում ամեն ինչ կարող է փոխվել, բացառությամբ այն բանի, որ անհիմն քրեական հետապնդում են սկսում մեկի նկատմամբ՝ պատրվակով, թե ականատեսը նկատել է որևէ անձի ինչ–որ գործողություն կատարելուց։ Հերթական օրինակն էր Ղազարյանի դեպքը` ծառայողական ավտոմեքենայով երթևեկելիս փորձել են նրան բերման ենթարկել, քանի որ մեկն ասել է` այդ համարանիշներով մեքենան ինչ–որ անձի է վրաերթի ենթարկել»,–պատմեց Պողոսյանը։
Նրա խոսքով` Ղազարյանին փորձել են բերման ենթարկել այն դեպքում, երբ չկար ո՛չ տուժող, ո՛չ դեպքը կատարելու ժամ և այլն։ Ոստիկանները որոշակի ժամանակ, ըստ փաստաբանի, փորձելով անօրինական գործողություններ կատարել` հեռացել են Ղազարյանին բերման չենթարկելով։
Պողոսյանը կարծում է, որ Ղազարյանն իր հետ կատարվածի մասին հայտնել էր իրավապաշտպաններին, որոնք արձագանքել են և, հավանաբար, հնչեղությունից վախենալով` ոստիկաններն ավարտին չեն հասցրել իրենց գործողությունները։ Պողոսյանն ինքն էլ մինչև դեպքի վայր է հասել` ոստիկանները հեռացած են եղել։
«Մենք ապրում ենք 1937-ից ավելի վատ ժամանակաշրջանում, երբ կեղծ ահազանգներ են լինում, որոնց հիման վրա էլ մարդկանց փորձում են մեկուսացնել։ Սա նույն` «հին ու բարի» ժամանակներն են, երբ ոստիկանության բաժիններում անձանց գրպաններում թմրանյութ էին գցում ու փորձում քրգործ հարուցել. այդ առումով ոչինչ չի փոխվել»,–ասաց Պողոսյանը։
ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին ոստիկանները բերման ենթարկելու փորձ չեն արել։
Գաբրիելյանը նշեց, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, երթևեկության հետ կապված ստուգումներ իրականացրել։
Ղազարյանն, ի դեպ, 2019–ի հունվարի 14-ին է նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։