Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը։ Նրա պաշտպան Հրանտ Անանյանը ԶԼՄ–ներին հայտնել է, որ բողոքարկելու են այդ որոշումը:
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
Նա անցնում է այն նույն քրեական գործով, որով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Մանուկյանը 2003 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականի նոյեմբերին։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2018 թ․-ից հեռացել է քաղաքականությունից։