Խոշոր գողություն Երևանում. տնից հափշտակել են մոտ 20 000 դոլարին համարժեք գումար ու զարդեր
Advertisement 1000 x 90

Խոշոր գողություն Երևանում. տնից հափշտակել են մոտ 20 000 դոլարին համարժեք գումար ու զարդեր

Երևանի Նուբարաշեն 11 փողոցի շենքերից մեկի բնակարանում գողություն է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` հունիսի 23-ին, ժամը 17։00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը, մտել տուն և ննջարանից ու մեկ այլ սենյակից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։

Տանտիրոջը պատճառվել է մոտ 20 հազար դոլարի վնաս։ Վարկածներից մեկն այն է, որ տունը թալանողը կամ թալանողները լավ իմացել են տուժածների՝ տանից բացակայելու մասին և իմացել են նաև, թե որտեղ է գտնվում գողոնը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։