Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 110 571 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք և 181 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 433 (ավելացել է ևս 7-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 82, 67, 67 տարեկան տղամարդիկ և 63, 66, 84, 96 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան