Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում բնակվող և կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցային բուժում է ստանում միայն մեկ հոգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Նորքի տուն-ինտերնատից միայն մեկ հոգի է դեռ հիվանդանոցային բուժում ստանում, մյուսներն արդեն վերադարձել են հաստատություն: Իրեն լավ է զգում, պարզապես մենք ծայրահեղ ուշադիր ենք, որպեսզի նրանք լրիվ ապաքինված լինեն վերադառնալիս, որովհետև դա նաև մյուսների առողջության խնդիրն է: Տուն-ինտերնատում վարակի նոր բռնկումներ չկան»,- ասաց Մարտիրոսյանը:
Նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ վերջին տվյալներով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 129 տարեց քաղաքացի կա, սակայն նրանցից որևէ մեկը հիվանդանոցային բուժման կարիք չունի:
«Խնամյալներից վերջին տվյալներով թեստի դրական արդյունքով ունենք 129 հոգի, որոնցից մի մասը, որոնք ասիմպտոմ են, մնացել են հաստատությունում, մի քանի հոգու, որոնց ջերմությունը մի փոքր բարձրացել է, լրիվ ապահով լինելու համար տեղափոխել ենք Աղավնաձորի մեր հաստատություն, որը Նորքի տուն-ինտերնատի մասնաճյուղն է ու կառավարության որոշման համաձայն՝ այնտեղ բնակվում են կորոնավիրուսով վարակված, բայց հիվանդանոցային խնամքի կարիք չունեցող տարեց քաղաքացիները: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատից հոսպիտալացված քաղաքացիներ չունենք»,- նշեց Սոնա Մարտիրոսյանը:
Մայիսին հայտնի էր դարձել, որ Նորքի տուն֊-ինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցչի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն, իսկ հունիսի 25-ին կորոնավիրուսի բռնկում էր արձանագրվել նաև Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում:
Նորայր Շողիկյան