«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում հանձնաժողովի անդամները ներկայացրել էին մի շարք առաջարկներ։ Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկել է դաշտային ուսումնասիրություն անցկացնել եզդի աղջիկների իրավունքների՝ դիտարկելով հատկապես կրթության եւ վաղ ամուսնությունների խնդիրները:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Ռ. Բաքոյանը նշեց, որ դաշտային աշխատանքները դեռեւս նախնական փուլում են, իսկ որպես վերջնանպատակ նախատեսում են ունենալ օրենսդրական նախաձեռնություն։ «Ուսումնասիրություններն ուղղված պետք է լինեն նախեւառաջ կարիքի գնահատմանը, որպեսզի հասկանանք, թե ինչ ունենք։ Եթե կա խնդիր, իսկ խնդիր կա, հետեւաբար, պետք է պարզենք, թե այն ո՞ր մակարդակում է եւ սկսենք լուծումներ առաջարկել։ Այսինքն՝ ճանապարհային քարտեզ է պետք ունենալ»,- ասաց նա։
Ռ. Բաքոյանը համակարծիք չէ այն դիտարկումներին, թե փոփոխությունները կարող են վնասել համայնքին, ազգային ավանդույթներին կամ վտանգել ազգային նկարագիրը. «Սա միմիայն դրական փոփոխություններ կարող է բերել մեր համայնքի համար, իսկ նման կերպ մտածողները ժամանակին համընթաց չեն գնում։ Մերօրյա մարտահրավերները ստիպում են փոխել մեր քաղաքականությունը եւ առաջնահերթությունները։ Եթե ժամանակին 16 տարեկանում ամուսնանալը ճիշտ էր, ապա հիմա այլ կարեւորություններ կան»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։