Հայաստանի 47 քննական կենտրոններում հուլիսի 2-ին, հուլիսի 6-ին և հուլիսի 8-ին տեղի են ունենալու բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններ։ Հուլիսի 1-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Քննական կենտրոններից 17-ը Երևանում են, 30-ը՝ մարզերում։ Ամենահագեցած օրը լինելու է հունիսի 6-ը, այդ օրը ամենաշատ դիմորդներն են մասնակցելու քննությանը»,- ասաց Հարությունյանը։
Նախարարը հորդորեց դիմորդների ծնողներին և ուղեկցողներին հնարավորինս զերծ մնալ ավանդական հավաքներից քննական կենտրոնների մոտ։
«Վստահ եմ, որ ձեր երեխաները ինքնուրույն կարող են հասնել քննական կենտրոններ, եթե դա հնարավոր չէ, ապա մեկ հոգի թող ուղեկցի դիմորդներին և քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի այդ տարածքը։ Մենք շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության և մարզային իշխանությունների հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, այս ընթացքում քննական կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստելու համար»,- ասաց նախարարը։
Հուլիսի 2-ին հանրապետությունում մեկնարկելու են միասնական քննությունները։ Առաջինն անց է կացվելու օտար լեզու առարկայից (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն), հուլիսի 4-ին կկայանա Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից: