Համաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում հուլիսի 1-ի դրությամբ կազմվել է 2827 արձանագրություն, որից Երևան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629: Այդ մասին կառավարության նիստում նշեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
«Արձանագրություններից 2301-ը վերաբերում է հետիոտնի կողմից դիմակ չկրելուն, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելուն, 442-ը՝ մինչև 7 տեղ մեքենաների ուղևորներրի ու վարորդների կողմից դիմակ չկրելուն, 3-ը՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալուն և 1-ը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցավալի է, որ տուգանքի այդքան դեպք է արձանագրվում: «Բայց մեր նպատակը տուգանելը չէ, հակառակը՝ ամբողջ ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքաղացու, որը պետք է տուգանվի»,- ընդգծեց վարչապետը:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ երեկվա տվյալներով 884 ստուգում է իրականացվել և 40 տնտեսավարողի մոտ խախտումներ են արձանագրել, ինչը դրական դինամիկա է ենթադրում, քանի որ նախկինում 200-300 խախտումներ էին արձանագրվում: «Կրկնակի ստուգայցեր ևս կատարվել են: Տրանսպորտի ոլորտում խախտումները շարունակում են մնալ, դրանք վերաբերում են նրան, որ վարորդները սահմանված քանակից ավելի ուղևորներ են տեղափոխում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մնացած պահանջները՝ ալկոգելի առկայությունը, գծանշումները կիրառելի են դարձել: