Հայաստանում շինարարության նկատմամբ դեռևս պահպանվել է խորհրդային տարիներին ձևավորված մոտեցումը: Այսօր կառավարության նիստում շինարարական մի շարք ծրագրերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեց շինարարության նկատմամբ խորհրդային տարիներից առկա վերաբերմունքը բնորոշող մի արտահայտություն:
«Մինչև հիմա շինարարության նկատմամբ ՀՀ-ում կա խորհրդային միության «подрядчик» բառի ձևախեղված ձևը՝ «փոդրադչիության» տրամաբանությունը: Սկսած հագուստից, շինհրապարակների որակից ստանդարտի խնդիր ունենք: Մեր շինհրապարակներն ավելի շատ աղբանոցի են նման, քան գործունեություն ծավալելու տեսակի: Մենք պետք է ստանդարտը բարձրացնենք՝ բանվորի հագուստից, պաշտպանիչ միջոցներից սկսած, նրա աշխատանքային օրվա, իրավունքների պաշտպանությունից սկսած»,- ասաց Փաշինյանը:
Նոր չափորոշիչների ներդրման ու վերահսկողության հարցում Փաշինյանը կարևորեց քաղաքաշինության կոմիտեի ու տեսչական մարմինների աշխատանքը:
Նշենք, որ կառավարության նիստում հաստատված որոշմամբ, որոշ ծրագրերից ավելացած միջոցներով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այս տարի կիրականացնի հավելյալ 7 քոլեջների, 46 հանրակրթական դպրոցների, 1 մասնագիտական մարզառազմական դպրոցի, 4 թանգարանի ու 3 թատրոնի հիմնանորոգման աշխատանքներ:
Եվս 60 մլն դրամ կհատկացվի Կարեն Դեմիրճյանի արձանի ու պատվանդանի պատրաստման և տեղադրման համար: