
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կառույցի աշխատակիցները սոցցանցերում աղտոտված արագիլների «հետքերով» են գնացել և աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։
Կենդանաբան Վասիլ Անանյանը Facebook-ում հրապարակել էր աղտոտված արագիլների նկարներ` հայտնելով, որ Հայաստանի արագիլները դարձյալ աղտոտվել են:
«Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում Արմավիրի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներ` աղտոտված արագիլներ հայտնաբերելու համար: