Factor.am-ի տեղեկություններով, օրերս Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն ու ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառման պատճառով կոնֆլիկտ են ունեցել։
Factor.am-ի հետ զրույցում Ավանի փոխթաղապետը չհերքեց կատարվածը, ասաց, որ ինքն է զանգահարել Գևորգ Պետրոսյանին՝ «գրառումների պատճառով»։ Ներսես Պողոսյանը նշեց, որ իրար լավ չեն հասկացել, որոշել են հանդիպել, խոսել են, որից հետո հասկացել են իրար։ Մեր հարցին,թե հանդիպման ժամանակ բանը հասե՞լ է բռունցքներին, Պողոսյանն ասաց՝ ոչ․ «41 թիվը հո չի՞, խոսեցինք, հարթվեց գնաց»։
Factor.am-ը զրուցեց նաև Գևորգ Պետրոսյանի հետ․ «Նա զանգահարել է ինձ, հորդորել է գրառումներ չանել վարչապետի հասցեին, ես էլ իրեն հասկացրել եմ, որ Ավանի թաղապետը շատ փոքր մարդ ա, որ ԱԺ պատգամավորի կարծիք արտահայտելու իրավունքին խոչընդոտի կամ դիտողություն անի»։ Պետրոսյանը նշեց, թե իր ընտանիքի անդամներին հայհոյել են, ինչն էլ պատճառ է դարձել, որ ինքը վարչապետի հասցեին գրառում կատարի։
Դրանից հետո էլ զանգ է ստացել Պողոսյանից: «Ես վարչապետի վերաբերյալ գրառում արեցի՝ հորդորելով կարգի հրավիրել ու համերաշխության մթնոլորտ ձևավորել երկրում, որից հետո էլ զանգ ստացա թաղապետի տեղակալից ու իրեն բացատրեցի, որ ինքը չէ այն մարդը, որը պետք է ինձ ասի՝ այս արա կամ այն արա։ Ինձ մենակ քաղաքական հանձնարություններ կարող է տալ իմ քաղաքական ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ուրիշ երկրորդ նման մարդ այս երկրում չկա»,- եզրափակեց նա։
Լիլիթ Շաբոյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am