Օրեր առաջ անդրադարձել էի #Պլակվենիլ դեղամիջոցով մեր հայրենակիցներին բուժելու օրինականությանը և առողջապահության նախարարի ինքնիրավչությանը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը այս թեմայի վերաբերյալ, այսօր անդրադարձ կանեմ #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի կիրառմանը, ինչը տարօրինակ է, քանի որ այն ընդգրկված չէ ԱՀԿ (WHO/ВОЗ) կողմից տրամադրված ուղեցույցներում:
Այսպիսով՝
Համաձայն առողջապահության նախարարության սույն թվականի մարտի 23-ի թիվ 02-2/8171-20 գրության՝ RHEA Pharmaceutical ընկերության կողմից արտադրված կենսաակտիվ հավելումը կարող է դիտարկվել, որպես կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բուժմանն աջակցող դեղամիջոց: Գրության մեջ նշվում է, որ այս եզրակացությունը հիմնված է ոլորտային խորհրդատուների և ոլորտի առաջատար մասնագետների հետ ունեցած քննարկումների արդյունքների վրա (տե՛ս նկ. 1): Այս գրությունը ուսումնասիրելիս, պարզ է դառնում, որ առողջապահության նախարարությունը փորձել է #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի կիրառման պատասխանատվությունը իր վրայից գցել՝ հղում անելով «խորհրդատուների» և «ոլորտի առաջատար մասնագետների» կարծիքների վրա և նույն ժամանակ նշում է, որ #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակը ոչ է ցուցված է բուժման համար, այլ «կարող է դիտարկվել», որպես «բուժմանը աջակցող միջոց»:
Հաշվի առնելով այս փաստաթուղթը և առողջապահության նախարարության կողմից ուղարված շրջաբերական նամակը, Հայաստանում կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհիմնարկները նամակով դիմել են RHEA Pharmaceutical ընկերությանը #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի քանակություն ձեռք բերելու նպատակով (տե՛ս նկ. 2):
Նման նամակ է ուղղել RHEA Pharmaceutical ընկերությանը նաև ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը (տե՛ս նկ. 3):
Թե՛ բուժհիմնարկությունները և թե՛ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի ձեռքբերման և կիրառման նպատակայինությունը հիմնավորում են՝ հղում կատարելով առողջապահության նախարարության գրությանը, ինչով և փորձում են արդարացնել և «ապահովագրել» իրենց գործողությունները:
Խորհրդանշական է, որ թե՛ բժշկական կենտրոնների և թե՛ ՊՆ ռազմաբժշկական վարչության կողմից ուղղված նամակներում նշվում է անհասկանալի պարտավորվածության երաշխիք՝ տրամադրել արտադրատեսակի կիրառման արդյունքները, ինչի մասին (իմ ունեցած տեղեկատվությամբ) հիվանդներին չեն տեղեկացնում ոչ մի տեղ:
Նման պարտավորվածություն ստանձնում են, երբ անհրաժեշտ է իրականացնել արտադրատեսակի արդյունավետության գնահատում, այսինքն՝ #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի արդյունավետությունը դեռևս գնահատման փուլում է:
Նշեմ, որ առ այսօր #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակը «հաջողությամբ» կիրառվում է կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժման ընթացքում (տե՛ս նկ. 4) և բացառված չէ, որ առ այսօր կիրառման արդյունքները առանց հիվանդների իմացության տրամադրվում են RHEA Pharmaceutical ընկերությանը:
Գևորգ Գրիգորյանի էջից: