ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով փոփոխություններ են արվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները խախտելու համար: Խոսքը վերաբերում է դիմակ կրելուն:
Ըստ այդմ,
արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում`20 հազար դրամի չափոեվ:
արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:
Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով:
Նախագիծը խորհդարանում ներկայացնելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Որպես հիմնավորում նշվել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 19-ի թիվ ՀՕ-265-Ն օրենքով սահմանվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտումից բխող ազատ տեղաշարժի պայմանները եւ պահանջները խախտելու վարչական իրավախախտումը: Այդուհանդերձ, նկատի ունենալով արտակարգ դրության ընթացքում իրավական ռեժիմի հաճախակի հանդիպող խախտումը անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաեւ հատուկ նորմեր, որոնցով հնարավոր կլինի թիրախային կարգավորել կոնկրետ հարաբերություններ: Այս նախագծով նաեւ սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները եւ դրա իրավական հետեւանքները: Նախատեսվում է սահմանել նաեւ վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:
Նկատենք, որ նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Հավելենք, որ այժմ դիմակ կրելու կանոնները, արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10 հազար դրամի չափով: