Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Նախօրեին ոստիկանության կողմից մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելու նպատակով իրականացված գործողության ֆոնին, հատկապես երկրում առկա կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, կրկին բավականաչափ օրակարգային է դառնում ոլորտի կարգավորման հարցը։ Իսկ խնդրի հանգուցալուծումը ենթադրում է ընդամենը 2 ուղղություն՝ կա՛մ օրինականացնել(լիովին վերահսկել), կա՛մ արգելել(հնարավորինս վերացնել) մարմնավաճառությունը։ Երրորդ՝ մասնակի վերահսկողության ճանապարհը, որով շարժվում է ոլորտն այսօր, անընդունելի է։
Վերոնշյալի համատեքստում, օրինակ, Իսրայելում արդեն ս․թ․ հուլիսի 10-ին ուժի մեջ է մտնելու մարմնավաճառությունն արգելող օրենքը, ըստ որի՝ ինտիմ բնույթի ծառայություններ առաջարկելը կամ դրանցից օգտվելը համարվում են քրեական հանցագործություն։
Օրենքը ենթադրում է նախ և առաջ ոլորտի ամբողջական մշտադիտարկում, հաշվառում, որի արդյունքում պարզ է դարձել, որ Իսրայելում գործում է շուրջ 14 հազար մարմնավաճառ(12600 կին, 400 տրանսսեքսուալ, մոտ 600 տղամարդ)։
Օրինանախախտները կարող են պատժվել ինչպես վարչական տուգանքներով՝ 1150$-21700$-ի չափով, այնպես էլ ազատազրկմամբ։
Իսկ ամենակարևորը՝ ոլորտի ներկայացուցիչների համար քառամյա վերականգնողական ծրագրի նախաձեռնումն է, որը ենթադրում է զգալի ֆինանսական միջոցների ներդրմամբ(մոտ 30 մլն դոլար)՝ վերականգնողական և վերաինտեգրման քաղաքականության իրականացում՝ սոցապահովության, առողջապահության, կրթության նախարարությունների և ոլորտային այլ պետական կառույցների համատեղ գործունեության արդյունքում։
Ծրագրային գործողությունները ենթադրում են ճգնաժամային կենտրոնների, ժամանակավոր կեցավայրերի բացում, մարմնավաճառների ֆիզիական և հոգեկան առողջացում, մասնագիտությունների ուսուցում, վերապատրաստում, նախնական ֆինանսական աջակցություն, աշխատանքով ապահովում, ժամանակավոր վերահսկում և այլն։
Հայաստանի պարագայում նախևառաջ կարևոր է ընտրել ոլորտի կարգավորման ճանապարհը։ Դրանից հետո ցանկացած ուղղությամբ առկա են աշխարհում հաջողված փորձի տարբեր օրինակներ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է ադապտացնել նաև մեր երկրի համար»։