Ադրբեջանցիներն հայերի անձնագրերի մեծ քանակի լուսանկարներ են հրապարակել, որը ենթադրվում է, որ վարկային կազմակերպության են ուղարկել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ադրբեջանական մի հաքերային էջ, որը վաղուց է մեզ ծանոթ, վերջին մեկ ամսում ակտիվացել է։ Կորոնավիրուսային հիվանդների տվյալներ էին հրապարակել: Այդ թիմը հիմա անձնագրերի մեծ քանակի լուսանկարներ է հրապարակել, որը, ենթադրում եմ, ինչ-որ վարկային կազմակերպության են ուղարկել: Հետո սկսեցին բանակից փաստաթղթեր նկարել ուղարկել, որտեղ երեւում է, որ ձեռքով պահած նկարած է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետը նշեց, որ ամենայն հավանականությամբ, բոլոր արտահոսքները անձնական էլեկտրոնային հասցեներից է ուղարկված. «Այսինքն մարդիկ ուղղակի պատշաճ ձեւով ինֆորմացիան չեն պահում, մեկը մյուսին են ուղարկում: Սա նշանակում է որ ինֆորմացիայի անկազմակերպ փոխանակում է լինում»։
Հարցին՝ ի՞նչ պետք է անեն հայերը, որպեսզի նման արտահոսքեր չլինեն, Մարտիրոսյանն ասաց, որ պետք է հստակ կանոնակարգ լինի, թե ինչպես է պետք ինֆորմացիա տարածել.
«Շատ հստակ ու լուրջ պատիժներ պետք է լինեն, քանի որ մարդկանց սրանով լուրջ վնասներ են պատճառվում: Կանոնակարգից հետո էլ պետք է կրթել մարդկանց, որոնք տեղեկատվության կրող են: Այսինքն՝ եթե համակարգված սա չարվի, այս արտահոսքերն անընդհատ լինելու են։ Այս հարցն ունի կանոնակարգված ընդհանուր լուծում: Ինֆորմացիայի տարբերությունը խոսում է այն մասին, որ ում, ինչ, երբ, ինչպես հարմար է հասցնում ուղարկում են»:
Մարտիրոսյանը շեշտեց, որ արտահոսքերի նման վիճակը եղել է տարիներով. «Խնդիրն այն է, որ նրանք էլ են ակտիվացել: Եթե առաջ ուղղակի կոտրում էին էլեկտրոնային հասցեները, ցանկը տեղադրում էին համացանցում՝ թիթիզանալու համար, հիմա սկսել են այդ տեղեկությունները կարդալ, ուրախացել են, թե ինչ գանձեր կան մարդկանց մեյլերում»։