ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Տաթև Սուքիասյանը կարծում է, որ Միքայել Նալբանդյանի մշակութային ժառանգության թվայնացումը հավասարապես և՛ մշկութային, և՛ գիտական, և՛ կրթական նշանակություն ունի: Այն, լինելով մշակութային երևույթ, հասցեագրված է գիտնականին, ուսուցչին, ուսանողին և աշակերտին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սուքիասյանն ասաց, որ նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող այս ծրագրով ապահովվում է Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, այն ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, գրականագետի, հրապարակախոսի, հեղափոխականի կերպարը:
«Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է. առաջին անգամ է ներկայացվում Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը՝ կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով: Նալբանդյանի գրավոր ողջ ժառանգության թվայնացումը մի քանի խնդիր է լուծում. ամբողջացվում է նրա գրավոր ողջ ժառանգությունը, Նալբանդյանով հետաքրքրվողին թույլ է տալիս համակարգչի էկրանի առջև նստած ունենալ այդ ամբողջական, հիմանարար նյութը: Այն հնարավորություն է տալիս ձեռքի տակ ունենալ Նալբանդյանի վերաբերյալ մինչ օրս եղած բազմաթիվ ուսումնասիրություններ, գիտական-հետազոտական նյութեր: Այսպիսով այսօրվա և վաղվա սերնդին փոխանցվում է Նալբանդյանի գրական, գիտական, քննադատական, հրապարակախոսական աշխարհայեցությունը»,- շեշտեց Սուքիասյանը:
Մասնագետն ընդգծեց, որ Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ մշակույթի ոլորտում վարած քաղաքականության առաջնահերթություններից. միտված է մշակութային, գրական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև հեռանկարային, և հասցեատերը այսօրվա և վաղվա մարդն է:
Նա հիշեցրեց, որ նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերից է իրականացնում դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային ձևաչափը: Մշակութային դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Այն ունի տարբեր ուղղություններ, որոնցից մեկն էլ «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգն է:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություննրը, որոնք ուղղված են արվեստի, գրականության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության հետազոտության, պահպանման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության և ներառականության խթանմանը:
Առաջանահերթությունը տրվում է նորարարական և հեռանկարային նախագծերին: Մրցութային յուրաքանչուր ուղղություն ունի հանձնաժողով, որին վերապահված է ներկայացված նախագծերի ուսումնասիրության և գնահատման գործառույթը:
Սուքիասյանի խոսքով՝ «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային մրցութային ծրագիրը շարունակվում է. որոշ ծրագրեր, որոնք հանրային են, արտակարգ հանգամանքներով պայմանավորված ըստ հնարավորության իրականացվելու են առցանց: Երրորդ եռամսյակի մրցութաշրջանը նախտեսվում է հայտարարել օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:
Նախարարության «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում գրող,հրապարակախոս, քննադատ, հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը թվայնացրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշանային գրադարանը»: Նյութերը հասանելի են digilib.am կայքում:
Անժելա Համբարձումյան