ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 2020թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու մրցույթներին` հետևյալ խմբերից մեկում ծառայության անցնելու համար․
- ԱՏՄ խումբ
- Գիտական խումբ
- Արհեստական բանականության խումբ։
«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 19 ներառյալ:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416»,- ասվում է հայտարարության մեջ: