Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ոստիկանները Ն.Մալյանի բեռնատարի վրայից առգրավում Սորոսի նկարով պաստառը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ոստիկանները Ն.Մալյանի բեռնատարի վրայից առգրավում Սորոսի նկարով պաստառը

ՎԵՏՕ հասարակական- քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի՝ մեքենայի վրայից պաստառի անհետանալու դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի ՀՔԾ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Մալյանը։

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հուլիսի 13-ին նախատեսում էր Խոր Վիրապ վանական համալիրից ավտոերթ իրականացնել դեպի Երեւան՝ ընդդեմ Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելու: Սակայն վաղ առավոտից վանական համալիրում կենտրոնացվել են ոստիկանական մեծ ուժեր՝ մի քանի անգամ գերազանցող ակցիայի մասնակիցներին, ու թույլ չեն տվել քաղաքացիական բողոքի ձայնի բարձրացումը։

Ոստիկանությունը ոչ միայն բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին, այլեւ առգրավել Նարեկ Մալյանի բեռնատարի վրա ամրացված՝ «Ոչ սորոսականներին» վերտառությամբ Սորոսի նկարով պաստառը։

Ոստիկանության բաժնից ազատ արձակվելուց հետո Ն.Մալյանը հայտնաբերել էր, որ բեռնատարը, որով ցանկանում էր մասնակցել ավտոերթին, տեղափոխվել է ոստիկանության բաժնի մոտ, որի վրայից բացակայել է պաստառը։ Այն վերադարձնելու Ն.Մալյանի պահանջին ի պատասխան ոստիկանությունը նշել է, թե տեղյակ չեն ինչ գույքի մասին է խոսքը։ Մինչդեռ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ոստիկանները այն հանում։

Մալյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ հետամուտ է լինելու, որպեսզի իր գույքը վերադարձվի իրեն ու դիմելու է ՀՔԾ։

pastinfo.am