«Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է իր գրեթե ամբողջ զինանոցը». Արծրուն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է իր գրեթե ամբողջ զինանոցը». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարում են, որը պարզ տեսնում եք: Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

«Կոնֆլիկտի բնույթը, ծավալներն այնպիսին չեն, որ Հայաստանը դիմի այլ քայլերի, այդ թվում՝ նաև պահեստազորայինների կամ կամավորականների աջակցությանը: Մենք վստահ ենք, որ մեր կամավորականները պատրաստ են, մենք դա տեսել ենք բազմիցս: Մենք շնորհակալ ենք իրենց ամեն ինչով՝ լինի զորավարժություններ, ապրիլյան գործողություններ: Բայց այս պահին իրենց զավակները, ոմանց դեպքում՝ թոռները, իրենց խնդիրը փայլուն կատարում են»,- շեշտեց  նա:

Հարցին՝ ինչ զինատեսակներ է Ադրբեջանն օգտագործել, Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց, որ, ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում՝ սահմանապահ ծառայությունը, կիրառել են իրենց գրեթե ամբողջ զինանոցը՝ բացառությամբ մի քանի միջոցների:

«Դրանք են՝ բոլոր տրամաչափերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր, տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122 մմ-անոց և ավելի մեծ տրամաչափի: Օգտագործվել է հրետանային միջոցների մեծ մասը՝ բացառությամբ մի քանի միջոցների: Հարվածային դրոններից, եթե չեմ սխալվում, առաջին անգամ ենք տեսնում իսրայելական «Սքայ Սթրայքեր» տեսակը, հավանաբար, սա նոր համալրված տեսակ է, կամ սահմանապահ ծառայությանը:  Մեր հակաօդային պաշտպանությունը մոտավոր 10 ԱԹՍ է խոցել: Դրանց մեջ մտնում են՝ ինչպես սովորական, հետախուզական և փոքր մարտավարական խնդիր  կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներն ու նոր նշածս թանկարժեք «Hermes 900» մոդելի մեծ, այսպես ասած, ղեկավարման կենտրոն հանդիսացող ԱԹՍ-ն: Հակառակորդը, բացի ԱԹՍ-ներից, կորցրել է նաև մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»,- շեշտեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով տեղական արտադրության անօդաչու սարքերին, ռազմական վերլուծաբանն ասաց, որ հայ ինժեներների կողմից հետախուզական անօդաչու թռչող սարքերի էջը կարելի է փակված համարել,  իսկ մարտական ԱԹՍ-ների էջը յուրացնում ենք, աշխատանքի արդյունքն արդեն գործողության մեջ կարելի է տեսնել: Իսկ թե դրանք մարտավարական ինչ խնդիրներ են լուծում, Հովհաննիսյանը ճիշտ համարեց չգաղտնազերծել: