Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին սկսված մարտերը թուլացել են, հայկական կողմը զոհեր չունի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի»,-գրել է Հովհաննիսյանը:
Հուլիսի 16-ի լույս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։ Սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն էր: