Ռուբեն Շուխյանի Facebook-յան գրառումը․ «Ներկայացնենք Հին Երևանի նաև այս մի ուշագրավ պատկերը, որի վրա նշված է՝ «Երևանի հատակագիծը՝ ըստ Տավերնյեի»: Ֆրանսիացի ճանապարհորդ և վաճառական ժան-Բատիստ Տավերնյեն (1605-1689) մի քանի անգամ ճանապարհորդել է Արևելքի երկրներով: 1650-ական թվականների առաջին կեսին իր մի ճանապարհորդության ընթացքում Տավերնյեն այցելել է նաև Երևան: Տավերնյեի կողմից հեղինակած պատկերները տեղ են գտել 1660 թվականին լույս տեսած իր «Պարսկական ճանփորդություններ» գրքում, որտեղ Տավերնյեն մասնավորապես գրում էր. «Երևանի հիմնական բնակչությունը հայեր են, որոնք քրիստոնեություն են դավանում»:
17-րդ դարում Երևանն արդեն ձևավորված քաղաք էր: Ներկայացվող պատկերում աջից՝ Երևանի բերդն է իր շինություններով, կենտրոնում՝ Փոքր բերդը (ներկայիս Նորագյուղ թաղամասը), որտեղ տեղակայված էր պարսկական կայազորի հրետանին, իսկ դրանց մեջտեղում՝ Հրազդան գետի վրայով անցնող Կարմիր կամուրջը: Ձախից պատկերված են բուն քաղաքի հայկական թաղամասերը, իսկ երևացող բարձր շինությունը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է: Նշենք, որ 1679 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում քանդվեցին Երևանի շինությունների մեծ մասը»: