Հուլիսի 17-ին ՀՊՏՀ-ի ռեկտորի խայտառակ ընտրությունների սցենարի հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով, ենթադրաբար, առաջնորդվում էր «Ե՛վ ոչխարները կենդանի մնան, և՛ գայլերը կուշտ լինեն» կարգախոսին համապատասխան։ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատից Զոյա Թադևոսյանի՝ ռեկտոր ընտրված դստեր՝ Դիանա Գալոյանի և նրան սատարող ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանի և ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի միջև տարաձայնությունների ու կոնֆլիկտի մասին բոլորը գիտեին, որին, ըստ ԶԼՄ-ների, միջամտել է նաև Նիկոլը, ով, այդ հակամարտության մեջ իբրև թե փորձելով չպաշտպանել կողմերից որևէ մեկին, չի ընդունել ԲՈԿ-ի նախագահի հրաժարականը։ Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Նիկոլն ամեն դեպքում կանգնեց Տեր-Պետրոսյանի թիմակցի դստեր և իր սիրելի սուպերնախարարի ու նրա ցանկությունների կողքին։
ՀՊՏՀ-ի ռեկտորի ընտրություններից մի քանի օր առաջ ԶԼՄ-ներով արտահոսք կազմակերպվեց, որ Նիկոլը Արայիկ Հարությունյանի, նրա տեղակալի և Գոգյանի հետ հանդիպման ժամանակ զայրացել և դուրս է եկել սենյակից։ ՀՊՏՀ-ի ռեկտորի ընտրությունների օրը տեղի ունեցած խեղկատակությունները՝ հոգաբարձուների խորհրդի անդամ արդեն նախկին ուսանողների մասնակցությունը նրա աշխատանքներին՝ քվորումի ապահովման համար, ԲՈԿ-ի նախագահի կողմից հենց ընտրության օրը Գալոյանին գիտությունների դոկտորի աստիճանից զրկելու որոշումը, որն առոչինչ է, քանի որ ուժի մեջ է մտնում որոշումը ստորագրելուց մեկ օր անց, ցույց տվեցին, որ Նիկոլն ամեն ինչ արեց, որ և՛ Գոգյանը, և՛ ՀԱԿ-Արայիկ տանդեմը գոհ մնան իրենից։ Այլ պարագայում Գոգյանն իր ժամանակավրեպ՝ Գալոյանին գիտությունների դոկտորի կարգավիճակից զրկելու որոշումը կընդուներ մեկ օր առաջ՝ դրանով կանխելով ՀՊՏՀ-ի ռեկտորի ընտրությունները։ Նիկոլի այս կիսատ-պռատ ոճով աշխատելը և նույն՝ կիսատ-պռատ արդյունք ապահովելն անպայման իր երկարատև բացասական հետևանքներն ունենալու և բերելու է իրավիճակի էլ ավելի սրմանը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: