Պարեկային ծառայությունում աշխատելու համար ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմել է 721 մարդ
Advertisement 1000 x 90

Պարեկային ծառայությունում աշխատելու համար ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմել է 721 մարդ

Նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթին մասնակցելու համար դիմել է 721 մարդ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․

«Սիրելի՛ հայրենակիցներ Ընդամենը 14 օր առաջ հայտարարեցինք նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթը։

Ոգևորող նորություն ունեմ բոլորիս համար․ այսօրվա տվյալներով արդեն 391 դիմորդ ունենք քաղաքացիական անձանցից և 330 հոգի՝ Ոստիկանության ներկայիս ծառայողներից, այն դեպքում, երբ դիմումների ընդունման ժամկետն ավարտվելու է օգոստոսի 7-ին։

Վստահ եմ, որ առաջիկան օրերին ևս մեր քաղաքացիների հետաքրքրվածության ու հայրենի ոստիկանության ոլորտում այս պատմական փոփոխության մասնիկը դառնալու ցանկության նվազում չենք ունենա, և մինչև մրցույթի ժամկետի ավարտը դիմորդների թիվն առնվազն կկրկնապատկվի։

Հիշեցնում եմ, որ Երևանում Պարեկային ծառայությունը կգործի 2021 թվականի առաջին եռամսյակից, իսկ մարզերում՝ 2022 թվականի առաջին եռամսյակից։

Դիմել կարող են բացառապես 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները․ բացառություն անել հնարավոր չէ։

Հասակի մինիմալ շեմը սահմանվել է 160 սմ՝ պայմանավորված ծառայության համար անհրաժեշտ օբյեկտիվ ֆիզիկական պարամետրերով և առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով։

Վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է և՛ իգական, և արական սեռի ներկայացուցիչների համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը կդադարեցվի։ Այնպես որ այսօրվանից սկսած դիմորդները կարող են զբաղվել «B» կարգի վարորդական իրավունքի ձեռքբերման կազմակերպամբ։

Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում եմ անցնել այս հղումով՝ http://moj.am/article/2755: Եթե լինեն հարցեր, զանգահարեք հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով»,- գրել է Բադասյանը։

Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ, տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունը ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսում է ստեղծել պարեկային ծառայություն՝ նոր գործելաոճով, նոր հմտություններով, բարձր աշխատավարձով ու նոր տեխնիկական միջոցներով:

Արդեն հայտարարվել է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ։ Դիմեք եւ ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարեւոր այս կառույցի ձեւավորմանն ու կայացմանը»,- գրել է վարչապետը: