Երևանում հուլիսի 21–ին մահացած 57-ամյա «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը, որն առավել հայտնի է «Եզդի Ռաֆ» անունով, հայտնի ըմբիշ, 90–ականներին Հայաստանում մեծ հեղինակություն վայելող «Եզդի Ճակո»-ի եղբայրն է, նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաազդեցիկ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի ազգականը։ Նշենք, որ Դեդ Հասանը վերջին անգամ Հայաստան է եկել 1994 թվականի հունիսին՝ մասնակցելու Ճակոյի հուղարկավորությանը։
NEWS.am–ի տեղեկություններով՝ Ռաֆիկ Ամոյանը վերջին տարիներին լուրջ առողջական խնդիրներ ուներ և գրեթե չէր շփվում իր հարազատների հետ։ Նրա մահվան պատճառը լյարդի ցիռոզն է։ Ռազմիկ Ամոյանը մեկ որդի ունի և երկու թոռ։ Մեր տեղեկություններով՝ Ամոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 24–ին, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը՝ Երևանում։
Նախկինում յոթ անգամ դատապարտված Ռաֆիկ Ամոյանը «օրենքով գող» էր կարգվել 1988 թվականին Երևանում` 24 տարեկանում։
Վերջին անգամ նա հինգուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար Կրասնոդարի Պերվոմայսկի դատարանի դատավճռով: Ամոյանը պատիժը կրել է Բաշկորտոստանում և Ուլյանովսկի մարզում, այդ թվում ՝ Դիմիտրովգրադի բանտում, որտեղից ազատվել է 2014 թվականին:
2016 թվականին նա Ուկրաինայից արտաքսվել էր Հայաստան, որտեղ և ապրել է մինչև կյանքի վերջին օրը։