Ասում է Հ1, «Նոր Ալիք» հեռուստաընկերությունների պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը
Շատերը նրան ճանաչում են որպես հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ու գուցե ազդեցիկ կլիպմեյքեր: Ավելին, տարածված կարծիք կա, թե նա մոնոպոլիստ է երաժշտական տեսահոլովակների պատրաստման գործում, և երգիչներն էլ երազում են, որ իրենց կլիպը նկարի հենց Հրաչը՝ «Հ1-ով» «ռասկրուտկա» անելու համար: Հրաչն իր մասին այս կարծիքը լսելով` պարզապես ժպտում է ու ասում, որ դա իր ամենաչսիրած լեգենդն է: Ասում է, որ աստղային հիվանդությամբ չի տառապում, չնայած՝ մշտապես շրջապատված է «երկու, երեք և ավելի աստղերով»: Տանել չի կարողանում, երբ կլիպի տակ գրվում են ռեժիսորի և ամբողջ ստեղծագործական խմբի անունները:
– Կարծիք կա, որ հայկական շոու-բիզնեսն այսօր հիմնականում ճաշակազրկում է մարդկանց։ Դուք ձեր բազմաժանր գործունեությամբ մեծ ազդեցություն ունեք այս ոլորտի վրա և գուցե կարող եք իմանալ, թե ինչո՞ւ է հայկական շոու-բիզնեսն այդքան միօրինակ, միապաղաղ ու անդեմ։
– Այդ հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող։ Դժվար է ասել՝ ճաշակի բարձրացո՞ւմ, թե՞ իջեցում է տեղի ունենում։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան փոխվում է և փոխվում է ոչ այն եղանակով, որը գիտեինք կամ սպասում էինք։ Անհասկանալի է՝ սա լա՞վ է, թե՞ վատ, իսկ միգուցե սա՞ է ճիշտը։ Ընկերներիցս մեկի հետ վերջերս խոսում էինք հենց այս թեմայով, և նա մի լավ բան ասաց՝ միգուցե 70-ականների էստրադան ընդունելի էր, որովհետև ստիպողաբար էր։ Հիմա բազմազանություն կա, գրաքննություն չկա, կա ազատ շուկա, և տարբեր ժանրի երգիչներ են այստեղ գործում։ Սպառողն ինքն է ընտրում՝ ինչ լսել։ Ցավալի է, որ լավը քիչ է, և ավելի շատ, այսպես ասած, հայկական «պապսան» է, որը հաստատ տարբերվում է ռուսականից։
– Գուցե հիմա էլ դաշտն այնքան ազատ է, որ մի 3000 դոլարով երգ են գրում, տեսահոլովակ նկարահանում ու ա՞ստղ դառնում։
– Սա ազատության հետևանք չէ, այլ՝ հայտնի դառնալու, մոդայի հետևանք է։ Եթե մի ժամանակ երեխաներն ուզում էին օդաչու դառնալ, այսօր բոլորն ուզում են երգիչ, հաղորդավար դառնալ, այսինքն՝ հայտնի դառնալ։ Դա փայլուն շապիկներով ամսագրերի, հեռուստատեսության հետևանքն է։ Շատ նորմալ է, երբ երկիրն ունենում է հայտնի դեմքեր։ Պարզապես դա չպետք է լինի միայն այս ասպարեզում, պետք է լինեն հայտնի բժիշկներ, հայտնի սպորտսմեններ, ուսուցիչներ։ Ցավոք, այսօր առջևում են միայն երգիչները, համենայնդեպս, նրանք են տեսանելի։ Այս մարդկանց կյանքն այդքան հեշտ չի, որ 3000 դոլարով հայտնի դառնան։ Հատկապես նորեկների դեպքում, մեկ-երկու փորձից հետո ամեն ինչ կարող է տապալվել։ Հայ հանդիսատեսը խստապահանջ է, և նա, ի վերջո, ամեն ինչ իր տեղն է գցում` լավ համերգը, լավ երգիչը միշտ գնահատվում է։
– Ռուս հայտնի պրոդյուսերներից մեկն ասում էր, որ նույնիսկ սովորական բանվորից կարելի է աստղ սարքել, եթե նա ունի մի քիչ լսողություն և ավելի քիչ ձայն։ Մեզ մոտ այս սկզբունքով աշխատո՞ւմ են։
– Կարծում եմ, որ մեզանում պրոդյուսերական պրոյեկտներ չկան։ Եթե հայտնվի մեկը, ով կկարողանա ապացուցել, որ փողոցից վերցված մարդուն կարելի է աստղ սարքել, բնականաբար, կկարողանա։ Ամեն ինչ աշխատանքից և ճաշակից է կախված։
– «Երկու աստղ» նախագիծը, որի պրոդյուսերը դուք էիք, բավական մեծ հանդիսատես հավաքեց։ Ամեն ինչ գեղեցիկ, ուրախ էր արվում, սակայն եզրափակիչ փուլը կարծես մի տեսակ սառն ու անտարբեր անցավ։ Շպռօտի և MP3 Արամի հաղթանակով ֆինալը, կարծես, նրանց մրցակիցների սրտով չէր։ Նախա՞նձն էր պատճառը, թե՞…
– Մթնոլորտը բավականին լավն էր, պարզապես բաց քվեարկության պատճառով անսպասելիությունը վերացավ։ Նկարահանման օրը բոլորը գիտեին հաղթողներին և արդեն շնորհավորել էին։ Իհարկե, ես կուզեի, որ ավելի տոնական տրամադրությամբ արվեր։ Բայց մյուս կողմից էլ, սա ցույց տվեց, որ շատ ժողովրդական նախագիծ եղավ։
– Սովորաբար նմանատիպ գեղեցիկ շոուներն ավարտվում են սկանդալային պատմություններով։ Ամենաաղմկահարույց պատմությունը կապված էր Սիրուշո-Ավետ Բարսեղյան զույգի հետ։ Թերթերում անգամ գրվեց, որ քվեարկության ավարտից հետո այս զույգի օգտին մեծ թվով ձայներ են գրանցվել, և զույգը, մասնավորապես՝ Սիրուշոն, պահանջել է վերաձայնագրել եզրափակիչ փուլը՝ հօգուտ իրենց։
– Ես պաշտոնապես հայտնում եմ, որ վերաձայնագրելու հետ կապված որևէ բան չի եղել։ Ինչ վերաբերում է կես ժամում լցված sms-ներին, ինձ համար սա նորություն է։ Ամերիկացիներն այս դեպքում ասում են՝ Gossip (թարգմանաբար՝ բամբասանք)։
– «Երկու աստղ» նախագծի մրցակիցները խնդիրներ չե՞ն ունեցել ժյուրիի անդամների հետ։ Հատկապես նշվում էր Արմինկայի և Իրինա Դանիելյանի, Ավետ Բարսեղյանի և Կարեն Դուրգարյանի վեճերի մասին։
– Իրինայի և Արմինկայի միջև բախում չի եղել։ Ինչի՞ համար։ Ընդհանուր առմամբ՝ երկու ընկերուհի ինչ-որ բան իրար հետ խոսել են, կողքից այլ կերպ է դիտվել և դարձել է բամբասանք։ Ինչ վերաբերում է ժյուրիի կազմի փոփոխմանը, ապա դա նախագծի ֆորմատն էր պահանջում։ Ժյուրիի անդամները պետք է նույն մարդիկ չլինեին, որպեսզի օբյեկտիվությունը պահպանվեր։ Իրականում ժյուրին դերեր ունի՝ բարի և խիստ դերեր, և դրանք պարբերաբար փոխվում էին։ Ինչ վերաբերում է Ավետին, ապա նա շատ էմոցիոնալ մարդ է, և ինձ համար էլ շատ անսպասելի էր, երբ նա լեզվակռվի մեջ մտավ Հրանտ Թոխատյանի հետ։ Սա ուղղակի խաղ է, շոու։
– Այս շոուն շարունակություն ունենալո՞ւ է։
– Սեպտեմբերին կսկսվի նախագծի երկրորդ մասը։ Մենք հեռարձակման մի քանի իրավունքներ էլ ենք գնել, սակայն հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը կորոշի, թե քանի սեզոն այս ծրագիրն անենք։ Այս տարի ևս միջազգային մի քանի նախագծեր կմտնեն մեր եթեր՝ խաղերի տեսքով։ Կարծես ռուսական հեռուստաընկերություններով այդ խաղերը դեռ չեն հեռարձակվել։
– Ձեր ընկերներն ասում են, որ դուք շատ աշխատասեր մարդ եք։
– Ես ամենաշատը սիրում եմ երկար քնել, երեխաներիս, ընտանիքիս հետ լինել ու ոչինչ չանել։ Ոչ թե աշխատասեր եմ, այլ գուցե պարտաճանաչ մարդ եմ։ Դասախոս ունեի, ասում էր, որ իմ աշխատասիրությունը ռետինից է, ինչքան ձգես` կձգվի։ Իրականում ես նորմալ վարքագիծս չեմ կորցնում այդ աշխատասիրության ենթատեքստում։ Այդ ամենի հետ մեկտեղ՝ ես ու կինս պարտադիր միասին ենք անում մեր տան առևտուրը, անպայման ժամանակ ենք գտնում հանգստանալու համար, ամեն երեկո մեր տանը հյուրեր են լինում։ Շատ նորմալ ռիթմ է, ուղղակի եթե ես 9-ին եմ դուրս գալիս գործի, հետո պարզում եմ, որ «քաղաքը» (թերևս շոու-բիզնեսի աշխարհի մասին է խոսքը.– Ա.Մ.) ժամը 12-ին կամ 13-ին է արթնանում։
– Աշխատասիրության արդյունքո՞ւմ Հրաչ Քեշիշյանը տեսահոլովակների նկարահանման, կամ, ինչպես ընդունված է ասել՝ կլիպմեյքերական գործում դարձավ մոնոպոլիստ։
– Հնարավոր է։ Ես չեմ ժխտում դա։ Տարիներ շարունակ համարյա թե նույն քանակությամբ տեսահոլովակներ եմ նկարահանել։ Տարվա կտրվածքով 15-20 տեսահոլովակ եմ նկարահանում, երբեմն՝ մի քիչ ավելի։ Շատ ավելի երիտասարդ ժամանակ ավելի շատ էլ եմ արել։ Մի տարի նույնիսկ 45 տեսահոլովակ էր ստացվել։ Անհետաքրքիր է լինել մոնոպոլիստ, ես ինքս դա չէի ցանկանա, դա բերում է միօրինակության։ Որքան էլ ուղեղիդ «զոռ տաս»` չես կարող։ Ամեն դեպքում ես աշխատում եմ այն մարդկանց հետ, ում գիտեմ, ով ինձ վստահում է։ Այդ մարդիկ ուրիշների մոտ էլ են տեսահոլովակներ նկարահանում, ու ինձ համար շատ հետաքրքիր է, թե մի այլ ռեժիսոր ինչպես կներկայացնի այդ նույն երգչին։
– Բայց երգիչները կնախընտրեն քեզ մոտ տեսահոլովակ նկարահանել, որպեսզի հետո դու տեսահոլովակը «ռասկրուտկա» անես Հ1-ով, «Նոր Ալիքով»։
– Դա իմ ամենաչսիրած լեգենդներից է։ Մի բան եթե չի ընկալվում և չի սիրվում հանդիսատեսի կողմից, դա չի հեռարձակվում՝ անկախ այն բանից, թե ով է այդ կլիպը նկարահանել՝ Հրաչ Քեշիշյա՞նը, թե՞ ուրիշ մեկը։ Նայեք թեժ տասնյակը և կտեսնեք, որ իմ տեսահոլովակներից մեկ կամ երկու հատ է ներկայացվում։ Եվ հետո, այս Հ1-ը և «Նոր ալիքը» փոքր-ինչ այլ կերպ են նայում այդ հարցին։ Ես չեմ ասում, որ 100 տոկոսանոց ստերիլ է, որ անորակ կատարում չի մտնում եթեր։ Պարզապես դրանք շատ արագ էլ դուրս են թռչում եթերից։ Համենայնդեպս, փորձ է արվում մի փոքր ճաշակ ու որակ պահել, որովհետև այստեղ գումարով «ռասկրուտկա» անելու պրակտիկա չկա։
– Ասում են, թե Հ1-ում կա «Սև ցուցակ», և որոշ երգիչների մուտքն այդտեղ արգելված է։
– Ընդհանրապես հեռուստաընկերությունն ունի իր կանոնները։ Եթե ընտրությունը, հեռուստաընկերության որդեգրած երաժշտական քաղաքականությունն ընդունվում է որպես «սև ցուցակ», ուրեմն՝ թող այդպես կոչվի։ Ի տարբերություն ռուսական և ամերիկյան հեռուստաշուկայի, որտեղ արգելքն անձնավորվում է, մեզ մոտ նման բան չի եղել։ Վերջերս զրուցում էինք ռուսական առաջին ալիքի պրոդյուսերի հետ, և ես մի հարց տվեցի՝ ո՞ւր է կորել Դիմա Բիլանը։ Նա պատասխանեց՝ իրեն վատ պահեց, հանեցինք։ Մեզ մոտ, փառք Աստծո, նման բան չկա։ Հեռուստատեսությունը մեծ ուժ է։ Հասկանալով, սակայն, որ փոքր քաղաք է, բոլորս իրար ճանաչում ենք, մենք բոլորի հետ փորձում ենք պահել բարեկիրթ, նորմալ հարաբերություններ։
– Հայաստանում ամենաթանկ կլիպի գները մինչև ո՞ւր կարող են հասնել։
– Իրականում մի քանի այդպիսի թանկարժեք կլիպ ունենք։ Հասմիկ Կարապետյանի վերջին կլիպի վրա, օրինակ, ծախսվել է 20 հազար դոլար։
– Քամի, ծով, մոմեր… նույն բանը՝ բոլոր կլիպներում։ Սա «Հրաչ Քեշիշյան» բրե՞նդն է։
– (Ծիծաղում է.- Ա.Մ.) Ռեժիսորներից, երևի թե, ամենաքիչը ես եմ մոմ օգտագործել կլիպների մեջ, բայց, չգիտես ինչու, դա էլ են ինձ վերագրում։ Ես նորմալ եմ այդ ամենին վերաբերվում։ Երբ որ ստեղծվում է որոշակի բրենդ, անուն, դա պետք է իր վրա կրի և՛ փառքի տերևները, և՛ քննադատությունը։ Ես շատ լուռ, հանգիստ և առանց կռիվների եմ տանում այդ ամենը և ոչ մի բան չեմ պատրաստվում ապացուցել։ Ուղղակի յուրաքանչյուր մարդու պետք է կարողանալ ճիշտ գնահատել։ Ես իմ գործունեության տարբեր ժամանակահատվածներում կատարել եմ տարբեր նորամուծություններ, որոնք հիմա տարբեր կլիպներում կրկնվում են։ Ես ինքս չեմ ուզում կրկնվել, սակայն դա շատ բարդ է։ Նախ՝ դա ձեռագիր է։ Երևանում ինչքան ծակուծուկ կար` նկարել ենք։ Երգերի թեման հիմնականում նույնն է ՝ սիրո թեման է, և շատ բարդ է ամեն անգամ նույն թեմայով նոր սյուժե հորինելը։ Ես չեմ կարծում, որ բոլոր 40 կլիպներն էլ պետք է լավը լինեն։ Բայց մի երկու գործ ես ինքս սիրում եմ։ Եվ հետո, իմ գործունեության մեջ միայն տեսահոլովակներ չեն, ես բազմաժանր եմ՝ անում եմ հաղորդումներ, փորձում եմ գրել, մտնել կինոյի մեջ, թատրոնում գործ անել։ Օրինակ, հիմա սկսել եմ ֆիլմ նկարահանել։ Այսինքն՝ ես ամենևին էլ կարծրացած կլիպմեյքեր չեմ։
– Լսել ենք նաև, որ ներկայացում եք պատրաստում Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում։
– Այո, դա «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ներկայացումն է, որտեղ գլխավոր դերերում հանդես կգան Խորեն Լևոնյանն ու Նազենի Հովհաննիսյանը։ Փորձերը դեռ նախատեսված են Պարոնյանի անվան թատրոնում, սակայն, եթե թատրոնում սկսվեն վերանորոգման աշխատանքները, թերևս կտեղափոխվենք Սունդուկյանի անվան թատրոն։
– Հաջորդ տարվա «Եվրատեսիլին» պատրաստվո՞ւմ եք։ Կա՞ արդեն թեկնածու։
– Այդ թեմայով հեռուստաընկերությունում հիմա պարզապես չենք ուզում խոսել։ Այնքան լարված աշխատանք է սպասվում, որ դեռ չենք ուզում այդ ուղղությամբ մտածել։ Մի քիչ թող անցնի, հետո դրա մեջ էլ ենք մտնելու։
Զրուցեց Անուշ Մկրտչյանը
«3 Միլիոն»