ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը տուգանվել է հասարակական վայրում դիմակ չկրելու համար: Այս մասին Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ պարզաբանում ներկայացնելով Սևանա լճի ափին տեղի ունեցած երեկույթի վերաբերյալ:
«Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։ Ամիսներ շարունակ հետևելուց հետո, երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։
Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել»,- գրել է Սարգսյանը:
Պատգամավորը ներողություն է խնդրել միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։
«Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել»,- գրել է նա: