Մեքսիկայից Հայաստան հասած առաքանիում թմրամիջոցի 1000 բլոտտեր է հայտնաբերվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեքսիկայից Հայաստան հասած առաքանիում թմրամիջոցի 1000 բլոտտեր է հայտնաբերվել

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներմուծման դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Օրերս վարչությունը տեղեկություններ է ստացել, որ Երևանի մի բնակիչ փոստային առաքանիների միջոցով իրականացնում է Մեքսիկայից թմրամիջոցների անօրինական ներմուծում և իրացում Հայաստանում: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մեքսիկայից Ն.Ղ-ի անվամբ ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի թմրամիջոցներ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և «Զվարթնոց» բաժինների աշխատակիցները, ՀՀ ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների մասնակցությամբ, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային զննման են ենթարկել Մեքսիկայից ներմուծված առաքանին: Արդյունքում առաքանու ստվարաթղթե արկղի կողային 3 պատերում քողարկված հայտնաբերվել են «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 1000 բլոտտեր:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերով ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություններ են իրականացվել Երևանում գտնվող 3 տարբեր հասցեներում:

Հասցեներից մեկում հայտնաբերվել են «մարիխուանա», «հաշիշի յուղ», «մեթամֆետամին» և «կոկաին» տեսակների թմրամիջոցների զանգվածներ, «Smith & Wesson» տեսակի ատրճանակ, սվին դանակներ, ինչպես նաև խոշոր չափի կանխիկ գումար:

Հիշյալ հասցեի բնակիչ Տ.Գ-ն, որը Ն.Ղ-ի դստեր ամուսինն է, Քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է: