Կառավարությունը դեռեւս չի կատարել ՄԻԵԴ որոշումը. Գագիկ Խաչատրյանը կալանավայրում է. hraparak.am
Advertisement 1000 x 90

Կառավարությունը դեռեւս չի կատարել ՄԻԵԴ որոշումը. Գագիկ Խաչատրյանը կալանավայրում է. hraparak.am

Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմն օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  հրապարակել էր որոշում, որով բավարարել է Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում՝ արտասահմանյան բժիշկների կողմից։

Մենք տեղեկություն ենք ստացել, որ թեպետ առկա է ՄԻԵԴ-ի որոշումը, սակայն այն չի կատարվում, նախկին պաշտոնյան շարունակում է գտնվել կալանավայրում։

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր պաշտպանյալը կալանավայրում է․ «Այս պահին կալանավայրում է, բայց ՄԻԵԴ որոշումը կիրականացվի թե ոչ, այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ դրա հասցեատերը կառավարությունն է։ Մենք, ամեն դեպքում, երկրորդ դիմումն ենք գրել, որ անհապաղ կատարեն, համապատասխան բուժմամբ ապահովեն, դիմեն քաղաքացիական հիվանդանոց՝ իր ընտրած բժիշկների կողմից բուժում ստանալու, բայց պատասխան չունենք»։

Նա նշեց, որ ՄԻԵԴ-ը 15-օրյա ժամկետում պահանջել է, որ իրենց հայտնեն՝ ինչ միջոցներ են ձեռնարկել․ «Արդեն պետք է միջոցներ ձեռնարկեն, որ հայտնեն։ Սա այնպիսի հարց է , որ պետք է վաղուց  կատարած լինեին եւ առանց ՄԻԵԴ-ի, բայց այս պահին ինչքան կարողանում են, ձգում են, որովհետեւ բոլորիս հայտնի է, թե ինչ մոտեցումներ են առկա այս գործով»։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական թիմը կալանքի ողջ  ընթացքում բարձրաձայնել է տասնյակ իրավախախտումների ու ճնշումների, այդ թվում նաև Խաչատրյանի որդիների նկատմամբ ապօրինի ու իրավական տրամաբանությունից դուրս հետապնդման մասին։

hraparak.am