Կոտայքի Մարզի Նոր Գեղի գյուղի տարածքում գտնվող խնձորի այգիներում, ոռոգման համար նախատեսված երկաթե ջրախողովակում գլխատված ու քայքայված դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Հուլիսի 28-ին, ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակում դի կա»,– գրում է կայքը։
Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու իրավապահները։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։
Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանության Նաիրիի, Չարենցավանի բաժիններում, Նոր Հաճնի բաժանմունքում ստեղծվել են օպերատիվ խմբեր, որպեսզի պարզեն դիակի ինքնությունը, մեկ այլ օպերատիվ խումբ էլ արդեն մեկնել է բնակության հավանական հասցե, պարզելու համար՝ արդյոք այդ հասցեի բնակչի դին է, թե ոչ։