Եթե կորոնավիրուսը հաղթելու է, ապա ո՞վ է պարտվելու՝ վարո՞րդը, ով փակ պատուհանով իր ավտոմեքենայում դիմակով է երթևեկում, թե՞ 26 ամյա հղի կինը, ով իր աշխատասենյակում միայնակ դիմակով է շփվում համակարգչի հետ:
Եթե Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն դասում է Տիեզերական վարդապետների շարքին, իսկ մենք նրա գործերը հանում ենք գրականության դասագրքերից, ո՞վ է պարտվելու՝ աշխա՞րհը, թե՞ մի ամբողջ սերունդ, որ մեծանալու է՝ այլասերված աղբ սերտելով:
Եթե հայտարարագրման պարտավորություն ենք դնելու այգի մշակելով 12.000 դրամ վաստակող խեղճ գյուղացու վրա, ապա ո՞վ է պարտվելու՝ աղքատության շեմը բարձրացնող պետությու՞նը, թե՞ միլիոնուկես պարգևավճար ստացող ու չհայտարարագրող պաշտոնյան:
Եթե ընդամենը մեկ քննության արդյունքում 7,5 բալ հավաքած դիմորդը ընդունվում է բժշկական համալսարան, իսկ 18 բալ ստացողին համոզում են դիմել մյուս տարի կամ հեռակա ուսուցման համար, ապա ո՞վ է պարտվելու իր արդար պայքարի համար՝ փողոցից ձերբակալված նորավարտ դպրոցակա՞նը, թե՞ ոստիկանական պատնեշով պաշտպանված տանը ապրող վայ-նախարարը:
Ցանկացած պատասխանի դեպքում պարտվում է պետությունը, որն ուղիղ համեմատականն է հասարակության և քաղաքացու պարտության։ Ցանկացած պատասխանի դեմքում մեղավորն այս հարցադրումների հիմքը տված իշխանությունն է, ով թեթև առիթի դեպքում Հռոմի պապին կհիշեցնի, որ Նարեկացին հենց իր երկրացին է, բայց կվերադառնա ու պաշտոնի կնշանակի ապազգային ոչնչությանը, ով Խորենացուն դարձնում է ծաղրի առարկա․․․
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից