Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանը հանրային քննարկում էր անում դպրոցական գրականության չափորոշիչների վերաբերյալ՝ գրողներ Արմեն Հայաստանցու, Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Սուսաննա Հարությունյանի և գրականագետ, «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանի մասնակցությամբ։ Կուզեի անդրադառնալ երկու բանախոսներին։
Գևորգ Տեր-Գաբրիելյանը նախորդ ծրագիրը բնութագրում էր ազգայնական, ապա, ազգայնականությունը ծաղրանկարի վերածելով (անվանում է էթնոպիա՝ էթնոս և ուտոպիա), եզրակացնում՝ հայ դաստիարակելու տեղը «եթե դու դաստիարակում ես ոչ կաշառակեր, ոչ գող, արդեն դաստիարակում ես հասարակության հոյակապ անձնավորություն»։ Սա հասարակությունը պարզունակացնելու Փաշինյանի քաղաքականությունն է, որ մարդկանց բաժանում է երկու մասի՝ գողերի և ազնիվների, սևերի և սպիտակների։
Նաև բուրժուական կրթական խնդիր, որ կրթության գործառույթը նեղացնում, դարձնում է «ազնիվ», «օրինապաշտ» քաղաքացի արտադրելը, այսինքն՝ արտահայտում է վերին դասակարգերի շահը, որ ցածր դասակարգի ներկայացուցիչն այնպես մշակվի, որ սովահար էլ լինի, վերին դասակարգերի սեփականության վրա ոտնձգություն չանի։
Ձախ գաղափարախոսությամբ գողությունը քաղաքական գործողություն է, և այն կվերանա, երբ արդար հասարակություն ստեղծվի։
Տեր-Գաբրելյանը «ազգայնականությանը» հակադրում է «գիտությունը» և ասում, որ այս չափորոշիչները գիտական են։ Սակայն կրթությունը բնական գիտություն չէ, հումանիտար է, հետևաբար միակ ապացուցելի կրթական համակարգ գոյություն չունի, բազմաթիվ կրթական ուղղություններ կան՝ իրար հակասող ու միմյանց հետ բանավիճող։
Ի դեպ, մեկ էլ հիտլերյան ռասիզմն էր իր տեսությունը «գիտությամբ» հիմնավորում։
Աջ մոտեցում է հումանիտար գիտությունը ճշգրիտ դիտարկելը։
Չկա վերացական մարդ կամ ազնիվ մարդ, որին դպրոցում կերտես։ Մարդը հասարակական էակ է, մշակույթ է, տարբեր են մարդիկ, և ամեն ժողովուրդ իր մարդն է ստեղծում։ Սակայն նեոլիբերալ գլոբալիզիմը պարտադրում է աշխարհին, թե ընդհանրապես կա «մարդ», ու բոլորը պետք է նմանվեն այդ «մարդուն», որ անգլախոս, որոշակի ստանդարտների մեջ տեղավորվող մարդն է։ Մտավոր դիմադրությունից թույլ ժողովուրդներն էլ ենթարկվում են՝ հա, բերեք այդ մարդուց սարքենք մեր դպրոցներում, և դանդաղորեն նահանջում են իրենց ինքնությունից, այդպես Հայ գրականությունից «հայ»-ը հեռացնում են, որ Շիվանզադեի «Քաոսը» ու Պռոշյանի «Հացի խնդիրը» հանեն, տեղը ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ հրատարակված ամերիկացի Ռաքել Պալասիոյի և Շերոն Դրեյփերի գրքերը դնեն։
Արմեն Հայաստանցին ասում է․ «Սովետահայ գրականագիտության մոգոնածն է սփյուռքահայ գրականությունը»։
Սփյուռքահայ գրականության՝ որպես հայ գրականության առանձին ճյուղի մասին պատկերացում կարող է տալ Գրիգոր Պըլտեանի «Ֆրանսահայ գրականութիւն» աշխատությունը, որ վերլուծում է ֆրանսահայ գրականությունը՝ որպես աղետի վերապրում։ Եվ ընդհանրապես, սփյուռքահայ գրականության բնորոշ գիծը վերապրումն է, այն երբեմն անվանում են վերապրումի գրականություն։ «Սփյուռքահայ գրականություն» եզրը սովետական գրականագիտությունը չի հորինել, հենց սփյուռքն է իր գրականության անունը տվել։ Ցավոք, բազմազան սփյուռքահայ գրականությունից ընդամենը չորս անուն կա չափորոշչիներում, այն էլ՝ որպես լրացուցիչ ընթերցանություն՝ Շահնուրից, Համաստեղից, Զահրատից և Բատիկեանից։
Իսկ ինչո՞ւ է Արմեն Հայաստանցին մերժում սփյուռքահայ գրականությունը: Գաղտնիքը թաքնված է նրա գրական մականվան մեջ՝ Հայաստանցի, ապա նաև երևում է նրա «Մայրենիք» վեպի մեջ. «Ազատական ազգայնականության համար հայը հարաբերություն է` քաղաքացիություն, ասենք` Հայաստանի Հանրապետության»: Այսինքն՝ Հայաստանցին Հայաստանից դուրս, հայոց քաղաքացիությունից դուրս հայերի հարաբերություն, հայկական հավաքականություն չի ճանաչում։
Միսաք Խոստիկյանը հայրենիքին՝ որպես հողեղեն ինքնություն, հակադրում է Մայրենքը՝ որպես ոչ հողեղեն։ Արմեն Հայաստանցին Խոստիկյանի եզրը վերցրել և օգտագործել է որպես հայրենիք, մայրենիքը՝ որպես տարածք։
Արմեն Հայաստանցին ՀԱԿ-ի անդամ է և իր կուսակցության դավանանքը ձևակերպում է «քաղաքացիական ազգայնականությունը», որ լոկալ ազգայնականությունն է, որի համար սփյռուռքահայը նարինջ ուտողն է, իսկ սփյուռքի քաղաքականությունը՝ բուրջհամուդյան (Տեր-Պետրոսյանի բնորոշումներն են)։
Հայաստանցին այս դավանանքի վարկը բարձրացնելու համար, որ ցույց տա, թե «քաղաքացիական ազգայնականությունը» ժողովրդավարություն է բերում, ստիպված պատմությունը կեղծում է, «Մայրենիք» վեպում գրում է. «Հայտնի է, որ 20-րդ դարի վերջին տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ համարվող նորանկախ Հայաստանի երրորդ Հանրապետությունը 21-րդ դարի սկզբին կտրուկ շեղվեց իր բռնած ուղուց և շատ արագ վերածվեց գողապետության: Էս ընթացքում սահմանադրական բարեփոխման անվան տակ բռնաբարվեց տասնամյա մայր օրենքը, իսկ որ ամենացավալին է, հիմքից նենգափոխվեց դեմոկրատական Հայաստանի ողջ հղացքը»:
Ճիշտ հակառակը՝ այդ «կղզյակը»՝ 1992-1998 թվերը, Հայաստանի ամենադաժան տարիներն են եղել, ճնշվել են բոլոր իրավունքները՝ փոքրամասնությունների, խոսքի, խղճի ազատությունները, ընտրությունները կեղծելով իշխանությունը պահելու համակարգն է ստեղծվել, 1995-ին էլ կեղծիքներով անցկացվել է միապետական սահմանդրություն:
Տեր-Պետրոսյանին տապալելուց հետո երկիրը սկսեց համեմատաբար ազատ շնչել, իսկ 2005-ի սահմանդրական փոփոխություններով, որոնք Հայաստանցին անվանում է բռնաբարություն, սահմանադրությունն ավելի ժողովրդավարական դարձավ, օրինակ՝ բացվեց Սահմանադրական դատարանը բազմաթիվ այլ սուբյեկտների առաջ, իսկ Երևանն էլ դարձավ ինքնակառավարվող մարմին:
Ահա թե ինչու է Արմեն Հայաստանցու գրականությունը գրական ֆորմաներով կուսակցական պրոպագանդա և ավանդական կարծրատիպերը կոտրելուն ուղղված ngo-ական շարժում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրական տարբերակը։
Վահան Իշխանյանի էջից: