Կառավարությունն ընդունեց որոշում, որով փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին: Նրանց թիվը 2020թ. հունվար ամսվա դրությամբ կազմում է 74 (հնարավոր է` տարվա ընթացքում փոփոխվի):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որն ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով տարեկան 10 656 000 դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ խոսքը սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանում բնակվող մարդկանց մասին է և հետաքրքրվեց, թե ամբողջապե՞ս են փոխհատուցում իրականացնում:
Ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանն ասաց, որ միջինը ամսական 12 հազար դրամի հաշվարկներ են իրականցրել: «Կարծում ենք, որ սա բավարար է ամբողջական փոխհատուցում տալու համար, և յուրաքանչյուր տարի կառավարությունը կվերանայի փոխհատուցման չափը»,- ասաց նախարարը: