124 միլիոն դրամ արժողությամբ բիոզուգարանները, որոնք զբոսաշրջության զարգացման նպատակով գնվել էին 6 տարի առաջ, ոչ միայն չեն գործում, այլև վնասված են։ Դրանցից մեկը տեղադրված է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, դռները փակ են, մանրադրամը գցելու տեղը ջարդված, կոճակները չեն աշխատում։
«Ազատության» հետ զրույցում եկեղեցու աշխատակիցները պատմեցին, որ թանկարժեք բիոզուգարանը շատ կարճ ժամանակ է շահագործվել: Նույնքան քիչ էլ աշխատել է Սյունիքի «Տաթևեր» ճոպանուղու մոտ տեղադրված մյուս բիոզուգարանը, որը, ի դեպ, արդեն 2 տարի է տարածքից անհետացել է։ Թե ով և ուր է տարել հսկայական զուգարանը, հարցը մութ է մնացել նաև Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի համար։
«Էդ բիոզուգարանը գնաց անհետացավ, մեկ էլ մի օր՝ տեսել եմ չկա: Թե ո՞վ ա տարել, ո՞նց են տարել՝ տեղյակ էլ չեմ», – նշեց Սիմոնյանը:
Մի քանի օր հարակից գյուղական համայնքներում հարց ու փորձ անելուց հետո «Ազատությանը» հաջողվեց գտնել թանկարժեք բիոզուգարանը․ այն հայտնվել է Շինուհայրի նախկին կոշիկի գործարանից քիչ հեռու գտնվող լքված տարածքում։ Բիոզուգարանը չի աշխատում, դռները բաց են, լարերը կտրված են։
Բիոզուգարանները գնվել էին Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք։ 2010 թվականի որոշմամբ` էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված զուգարանները Հայաստան ներկրվեցին 2011-ին, բայց տեղադրվեցին 12-ին։ Թե ինչու ընդամենը 4 տարվա ընթացքում 350 հազար դոլար արժողությամբ ապրանքն հայտնվեց անմխիթար վիճակում, այժմ փորձում է պարզել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց նախարարի մամլո քարտուղարը՝ խնդրի մասին զեկուցվել է Սուրեն Կարայանին։
«Մենք փորձում ենք փնտրել լուծումներ, որ դրանք աշխատեն, պետք է մասնագետներ փնտրել, ուզում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումը», – Աննա Օհանյանը:
Նախարարությունից փոխանցում են՝ լուծման բանաձևը գտնելուց հետո այդ մասին տեղյակ կպահեն նաև լրագրողներին։ Ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞ւ բիոզուգարանները սպասվածից կարճ ծառայեցին և ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, նախարարի մամուլի քարտուղարը առաջարկում է դիմել Հայաստանի զարգացման հիմնադրամ, քանի որ հենց այդ կազմակերպության հաշվեկշռի վրա են գտնվում թանկարժեք բիոզուգարանները:
Հայաստանի զարգացման հիմնադրամից էլ մեզ տրված գրավոր պատասխանում ասվում է, որ քննարկվում են փչացած բիոզուգարանների շահագործման ուղիները: Ինչ վերաբերում է Սյունիքի բիոզուգարանին, ապա նշված է, որ այն պահերստավորվել է Շինուհայր համայնքում՝ եղանակային վատ պայմանների ազդեցությունից ավելի չվնասվելու համար։ Մինչդեռ, «Ազատության» տեսախցիկը արձանագրել էր, որ այն գտնվում է բացօթյա տարածքում և որևէ կերպ չի պատսպարված եղանակային վատ պայմաններից: Հիմնադրամն անպատասխան էր թողել հարցերը, թե 350 հազար դոլարանոց բիոզուգարանները 2012-ից մինչև այսօր որքա՞ն շահույթ է ապահովել պետբյուջեին և ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավարը նկատում է՝ պետական միջոցների սարսափելի վատնում է տեղի ունեցել․ – «Այդպիսի թանկ հաճույքը, եթե հիմա էլ չի աշխատում, շատ շուտ շարքից դուրս է եկել, բնականաբար դա չի էլ նպաստել տուրիստների հոսքի աճին: Այսինքն՝ սա ուղղակի բյուջեի շատ լուրջ վատնում է»:
Վարուժան Հոկտանյանը հիշում է, որ դեռ այն ժամանակ իրենց կազմակերպությունը քննադատեց կառավարությանը, քանի որ չտրվեցին հստակ հիմնավորումները, արդյոք թանկարժեք բիոզուգարանները ուղիղ համեմատական են Հայաստանում զբոսաշրջության աճին։ Նա պնդում է, եթե բիոզուգարանի վերանորոգման համար ևս մի քանի 100 հազար պետք է ծախսվի պետական բյուջեից, միգուցե ընդհանրապես չարժե այն կրկին շահագործել։