Ուշադիր ուսումնասիրելով այս քարտեզը, պարզ է դառնում, որ 1924-ի փետրվարին, երբ ստեղծվեց այսպես կոչված Նախիջևանի խորհրդային ինքնավար հանրապետությունը, այդ նորաստեղծ միավորման կազմի մեջ ապօրինի կերպով կցվել է նաև մինչ այդ Ռուսական կայսրության Երևանի նահանգի, Հայաստանի Առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի անբաժան մասը կազմող Շարուր-Դարալագյազի շրջանի (ներկայիս Վայոց Ձորի մարզ) հարավային մասը՝ Շարուրը:
Փորձենք ներկայացնել այդ ամենի նախապատմությունը: 1921-ի մարտին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական ապօրինի պայմանագիրը՝ դա փաստացի ռուս-թուրքական համատեղ համաձայնագիր էր Հայաստանի և Ադրբեջանի տարածքների անեքսիայի վերաբերյալ, քանի որ այն չեն ստորագրել ոչ Խորհրդային Հայաստանը, ոչ էլ Խորհրդային Ադրբեջանը: Հայկական տարածքների անեքսիայի համար պատասխանատու-ստորագրողն են եղել բոլշևիկյան Ռուսաստանի ներկայացուցիչները, իսկ Ադրբեջանի համար՝ Թուրքիայի քեմալական շարժման ներկայացուցիչները:
Մոսկվայի պայմանագրում կա առանձին կետ Նախիջևանի մասին, որին տրվում էր ինքնավար մարզի կարգավիճակ՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, իսկ հատուկ հավելվածում նշված են Նախիջևանի ապագա ՄՈՏԱՎՈՐ (!) սահմանները: Նույն Մոսկվայի պայմանագրում հատուկ նշված է նաեւ մեզ համար այսօր շատ կարևոր հետևյալ դրույթը. «Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը ԿՇՏԿԻ (!) Նախիջևանի տերիտորիայի եռանկյունի կազմող գոտու հարցը»: Ստացվում է, որ առանց այդ առանձին եռակողմ համաձայնագրի՝ Նախիջևանի սահմանների հարցը այդպես էլ մնում էր դեռ չլուծված և ամբողջությամբ առկախված վիճակում էր, որովհետև մոտավոր առաջարկելը՝ դա մի բան է, իսկ թողնել, որ հետագայում համատեղ ճշտվի և ընդհանուր համաձայնությամբ, համատեղ առանձին պայմանագրով լուծվի՝ լրիվ այլ բան: Ենթադրվում էր, որ Նախիջևանի սահմանների հարցը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ որոշվելու էր Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների առանձին հատուկ որոշումներով, որից հետո արդեն վավերացվելու էր 1921-ի հոկտեմբերին կայանալիք Կարսի պայմանագրով:
Սակայն ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կառավարությունները դա այդպես էլ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ: Կարսում ընթացող բանակցություններում Նախիջևանի սահմանների հարցը համարյա նույն կերպ էր ձևակերպված: Բացի դրանից՝ Կարսի պայմանագիրը մի կողմից ստորագրում էին արդեն անեքսիայի ենթարկված, ռուսական ազդեցության գոտում գտնվող ոչ լեգիտիմ վարչական միավորների ներկայացուցիչները և մյուս կողմից՝ նունքան ոչ լեգիտիմ Թուրքիայի քեմալական շարժման ներկայացուցիչները: Կարսում նույնպես Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առանձին համաձայնագիր կնքել այդպես էլ չհաջողվեց, և կան տվյալներ, որ այդ համաձայնագրի կնքմանը խիստ ընդդիմացել է Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Մյասնիկյանը:
Եվ ահա 1924-ի փետրվարին Կրեմլից պարտադրված որոշումով Խորհրդային Հայաստանի Շարուր-Դարալագյազի շրջանը մտցվում է նորաստեղծ Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմի մեջ: Փաստացի՝ այստեղ նույնպես, ինչպես և Լեռնային Ղարաբաղի հարցում, խախտվեց արդեն Խորհրդային Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Փաստը մնում է փաստ՝ Հայաստանն ու Ադրբեջանը Նախիջևանի հանրապետության սահմանների վերաբերյալ ոչ մի իրավական փաստաթուղթ իրար միջև ստորագրված երբևիցե չեն ունեցել:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: