Հանցագործության մասնակիցները հայտնաբերվել են իրենց անփորձության պատճառով:
2017-2018 թվականներին Twitter-ի պայմանագրային ծառայության աշխատակիցները օգտագործել են իրենց հասանելիությունը պլատֆորմի ներքին գործիքներին՝ հայտնի մարդկանց լրտեսելու համար: Նմանատիպ դեպքեր են եղել նաև 2020 թվականի հուլիսին, երբ մի շարք հայտնիների հաշիվներ հակերային հարձակման էին ենթարկվել։
Հետաքննության արդյունքում արդեն կան առաջին ձերբակալվածները։ Նրանցից մեկը Ֆլորիդայի 17-ամյա դեռահաս է՝ Գրեհեմ Քլարկ, որն արդեն տեղափոխվել է կալանքի տակ: Ճիշտ է, ինչպես ասել են նրա պաշտպանները, նա կարող է վճարել խոշոր գրավ իր ազատության համար. նրա ունեցվածքը կազմում է ավելի քան 3 միլիոն դոլար բիթքոիններով:
Գրեհեմ Քլարկը մեղադրվում է Իլոն Մասկի, Բիլ Գեյթսի, Բարաք Օբամայի, Քանյե Ուեսթի և այլ հայտնիների Twitter-ի հաշիվների լայնածավալ հարձակում կազմակերպելու համար: Հայտնի մարդկանց և խոշոր ընկերություններին հաքերներն առաջարկել են ուղարկել բիթքոին նշված դրամապանակին և խոստացել կրկնապատկել ստացված գումարը: Մինչ գրառումները մնում էին հանրային տիրույթում, հարձակվողներին հաջողվել է հավաքել 12.86 բիթքոին (120,000 դոլոր):
Դեռահասի հետ միասին հուլիսի 31-ին ձերբակալվել են ևս երկու կասկածյալ. 19-ամյա բրիտանացի Մեյսոն Շեփարդը և 20-ամյա ամերիկացի Նիմա Ֆասլին:
Չնայած այն հանգամանքին, որ Քլարկի գործընկերներն ավելի մեծ են, քան երիտասարդ կրիպտոմիլիոնատերը, մեղադրող կողմը համարում է Քլարկին կիբերհարձակման «ուղեղը»: Հետաքննության համաձայն՝ դեռահասն իր հանցակիցներին հանձնարարել է «շահարկել» Twitter-ի աշխատակիցներին՝ ընկերության ներքին ցանց մուտք ստանալու համար:
Այնուամենայնիվ, հանցագործության մասնակիցները բացահայտվել են իրենց անփորձության հետևանքով. մասնավորապես, նրանք չեն կարողացել հուսալիորեն թաքցնել իրենց տվյալները և թույլ են տվել մի շարք սխալներ:
Գործի նախնական քննությունից հետո դատախազը գրավ է նշանակել կալանքը ժամանակավորապես դադարեցնելու համար՝ 750,000 ԱՄՆ դոլարի չափով. 25,000 դոլար՝ 30 հանցագործություններից յուրաքանչյուրի համար, որոնցում մեղադրվում է Քլարկը: Կասկածյալի փաստաբանը միանգամից հայտարարել է, որ իր պաշտպանյալը կարող է իր համար գրավի դիմաց ուղարկել այդ գումարը: Սակայն դատախազը կասկածի տակ է դրել այդ միջոցների օրինականությունը:
«Ելնելով ամբաստանյալի պահվածքից՝ ես կարծում եմ, որ տեղին է ենթադրել, որ յուրաքանչյուր դրամ, որ նա նշում է, անազնիվ վաստակ է: Եվ մենք խոսում ենք միլիոնավոր դոլարների մասին»,- շեշտել է դատախազը: Նա հիշեցրել է, որ Ֆլորիդա նահանգի օրենքների համաձայն՝ կասկածյալը պետք է ապացուցի գրավի ենթակա գումարների օրինականությունը:
Քլարկն առաջին անգամ չէ, որ քրեական հետաքննության է ենթարկվում: 2019 թվականին նրանից արդեն առգրավվել է 15 000 ԱՄՆ դոլարի կանխիկ դրամ և 400 բիթքոին, բայց ավելի ուշ իրավապահ մարմինները հրաժարվել են գանձումներ իրականացնել և դեռահասին վերադարձրել են այդ գումարի մի մասը՝ 300 բիթքոին (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 3 միլիոն դոլար):
Հենց այս որոշումն էր մատնանշել մեղադրյալի պաշտպանությունը՝ փորձելով ապացուցել, որ այդ միջոցները վաստակել են ազնիվ ձևով: Ի վերջո, դատավորը դեռ համաձայնել է գրավի դիմաց Քլարկին բաց թողնել՝ հրամայելով հանձնել անձնագիրը և մնալ տնային կալանքի տակ:
Սիրարփի Աղաբաբյան