Հայկական Krisp ընկերությունը ստացել է 5 միլիոն դրամ ներդրում, որը, ըստ ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի, ուղղվելու է ընկերության արագ աճին և ընդլայնմանը։
«Krisp-ը ստանալով 5 միլիոն դոլար ներդրում սիլիկոնյան հովտի մեծ ֆոնդերից` մտնում է իր զարգացման նոր փուլ՝ կենտրոնանալով ընդլայնման և արագ աճի վրա։
Իսկ սա նշանակում է գիտական հենքով նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների ստեղծում Հայաստանում։ Մարքետինգի և վաճառքների վրա գերկենտրոնացում։ Նպատակը հաջորդ մեկ տարում վճարող օգտագործողների քանակը հնգապատկելն է։
Թիմի ընդլայնում 30 պրոֆեսիոնալներով, որոնք նոր գիտելիք, փորձառություն և շունչ կբերեն մեր ընկերությանը։
Ընկերության նպատակներից մեկը մնում է՝՝ հաջորդ մի քանի տարում դառնալ առնվազն մեկ միլիարդ դոլար գնահատվող ստարտափ»։
Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա հիմնված տեխնոլոգիան հեռացնում է աղմուկը խոսակցության ընթացքում։
«Մեր մոտեցման հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք հիմնվում ենք ոչ թե աղմուկի կամ սարքավորման առանձնահատկությունների, այլ հենց մարդու ձայնի վրա։ Այդ իսկ պատճարով մեր ալգորիթմներն անկախ են թե՛ սարքավորումից, և թե՛ աղմուկից»,- նշում է ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Forbes-ը համակարգը որակել է՝ որպես աշխարհի լավագույն նորարարական տեխնոլոգիա, որն աշխատում է Deep Neural Network-ով։
«Նրանք խոստանում են, որ ձեր հեռախոսազանգերից որևէ մեկը չի պահպանվելու կամ ուղարկվելու․ ամեն ինչ մշակվում է ձեր սարքի վրա»,- նշված է ամսագրում։ Forbes-ը ընկերությունը ներառել էր նաև աշխարհի լավագույն 5-յակում՝ որպես հեռահար աշխատանքի լավագույն հավելվածներից մեկը։
Աղմուկի հեռացման տեխնոլոգիաների մասին ավելի մանրամասն՝ 168.am-ի անդրադարձում։
Սիրարփի Աղաբաբյան